«Աղջիկը, կինը, մայրը տալիս է կյանք եւ դաստիարակություն…». մոդել Աննա Դեմիրխանյանը՝ դուստր ունենալու երջանկության մասին

16:04   11 հոկտեմբերի, 2019

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրն է, եւ աղջնակները տարվա մեջ եւս մեկ անգամ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են: Այս օրն ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից եւ տոնվում է սկսած 2012 թ-ից՝ որպես կոչ, որ չպետք է զատել աղջիկ եւ տղա երեխաներին, դուստր ունենալը նույնքան մեծ երջանկություն է:

Այդ երջանկությունը վայելում է նաեւ հայտնի հայ մոդել, միջազգային գեղեցկության մրցութների մասնակից եւ դափնեկիր, այժմ նաեւ՝ ուսուցչուհի Աննա Դեմիրխանյանը, որն արդեն 8 տարի է՝ մեծացնում է գեղեցկուհի դստերը՝ Ինգային:

«Միշտ եմ երազել աղջիկ ունենալ... Երազում էի, որ պետք է գեղեցիկ սանրվածքներ անեմ նրան, բայց դուստրս այնքան էլ չի սիրում զարդարվել (ծիծաղում է): Այնուամենայնիվ, բախտս բերել է՝ նա երկար կարողանում է նստել, երբ ես սանրում եմ նրա վարսերը: Շատ երկար ու գեղեցիկ մազեր ունի…»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով օրվա խորհուրդին եւ իր դստերը, պատմեց Աննան:

Մոդելը համոզված է՝ «Աղջիկներին միշտ էլ պետք է տարանջատել: Աղջիկը, կինը, մայրը տալիս է կյանք եւ դաստիարակություն…»:

Աննան նաեւ հիշեց իր կյանքից մի հուզիչ դեպք, որը մինչ օրս տպավորված է իր ներսում.

«Մի անգամ, երբ աղջկաս տանում էի պարտեզ, փողոցում ինձ մի կին կանգնեցրեց ու ասաց. «Աղջիկս, դու, իսկապես, երջանիկ կին ես, որովհետեւ ունես դուստր»: Հետո նա պատմեց իր պատմությունը, որ ունի 4 երեխա՝ 1 դուստր եւ 3 որդի, եւ որ իրեն իր աղջիկն է պահում, իսկ որդիներն ամուսնանալուց հետո մայրիկին չեն էլ հիշում… Այդ պատմությունն իմ մեջ շատ տպավորվեց»:

Աննան, առհասարակ, կողմ է, որ երեխաների միջեւ տարբերություն չդրվի.

«Անկախ սեռից, անկախ այն բանից՝ դուստր եք, թե որդի, սիրեք ձեր ծնողներին, նույնն էլ ասում եմ ծնողներին՝ շատ սիրեք ձեր տղաներին եւ աղջիկներին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աննա Դեմիրխանյանը



© NEWS.am STYLE