Գլուխը լրիվ կորցրել է... Ջարեդ Լետոն փնտրում է իր գլուխը եւ գտնողին պարգեւատրում է խոստանում

19:11   11 հոկտեմբերի, 2019

Դերասան, երաժիշտ, 30 seconds to Mars խմբի մենակատար Ջարեդ Լետոն չգիտի, թե ինչ է պատահել իր «պահեստային գլխի» հետ, որը դարձել է Կոստյումի ինստիտուտի Met Gala  2019 պարահանդեսի գլխավոր իրադարձություններից մեկը: Նա այս մասին հայտնել է GQ-ի հետ հարցազրույցում:

Մայիսին Նյու Յորքի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ Մետրոպոլիտեն թանգարանում Կոստյումի ինստիտուտի Met Gala պարահանդեսին, Ջարեդ Լետոն ներկայացել էր Gucci-ի երկար կարմիր հագուստով՝ բարձր օձիքով եւ զարդարված թանկարժեք քարերով: Երկրպագուների ուշադրությունն էր գրավել հայտնի դեմքի արտասովոր աքսեսուարը. նրա ձեռքին էր իր իսկ գլխի լիաչափ պատճենը:

Սակայն պարզվել է, որ հռչակավոր գլխի ճակատագիրը արտիստին անհայտ է: «Անկեղծ ասած՝ պատկերացում չունեմ (որտեղ է այն): Կարծում եմ՝ ինչ-որ մեկը գողացել է: Եթե գտնեք, բերեք ձեզ մոտակա Gucci-ի խանութ եւ փոխանակեք մի զույգ «կեղտոտ մարզակոշիկով»»,- ասել է նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով Gucci-ի սուպերհանրահայտ Dirty Sneakers-ը:



© NEWS.am STYLE