«Քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է». Ջիվան Գասպարյանն այսօր նշում է ծննդյան 91-ամյակը

15:25   12 հոկտեմբերի, 2019

Դուդուկահար, որն աշխարհում ասոցացվում է մի ամբողջ Հայաստանի հետ, որի դուդուկը գերում է արտասահմանցիներին եւ հնչում ամենահայտնի ֆիլմերից մի քանիսում («Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն):

Իհարկե, խոսքը դուդուկի լեգենդար վարպետի՝ Ջիվան Գասպարյանի մասին է, որն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նշում է ծննդյան 91-ամյակը:

Աշխարհահռչակ դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը 6 տարեկանում արդեն նվագում էր դուդուկ:

Իր գործունեության ընթացքում դուդուկահարը գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեւներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել է 1956 թ-ին, իսկ 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:

Անցած տարի հոբելյանական 90-ամյակը վարպետը նշելու տրամադրություն չուներ, ինչը պայմամավորված էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ: Սակայն նոյեմբերի 26-ին Մշակույթի նախարարությունը մեծ համերգով տոնեց մեծն դուդուկահարի հոբելյանական տարեդարձը:

Օրեր առաջ NEWS.am STYLE-ը աշխարհահռչակ դուդուկահարին հանդիպեց «Նաիրյան» մրցանակաբաշխության ժամանակ: Վարպետը հուզված եւ երջանիկ էր. մրցանակ պետք է հանձներ երգի-պարի պետական ամսամբլին, որտեղից հենց ինքն է սկսել իր կարիերան:

Վարպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս տարի՞ էլ է պատրաստվում մեծ շուքով եւ համերգով նշել տարեդարձը.

«Չգիտեմ, գլուխս մի քիչ խառն է, բայց տեսնենք»,-իր բարի ժպիտով պատասխանեց դուդուկահարը, որի կարծիքով տարիների եռանդն ու աշխատանքին նվիրվածությունը Աստծո տված պարգեւն է:

Վարպետի հետ մեր նախորդ հարցազրույցի ընթացքում զրուցել էինք նաեւ երիտասարդ հայ դուդուկահարների եւ Հայաստանում դուդուկի ապագայի մասին.

«Իհարկե, շատ տաղանդավոր դուդուկահարներ կան: Ես ճանապարհ եմ բացել, իրենք պետք է որոշեն իրենց կյանքի ճանապարհը: Ես ամեն ինչ արել եմ դուդուկն աշխարհին ներկայացնելու համար: Հիմա, երբ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, առաջին հերթին դուդուկ են գնում: Մերոնք էլ, ցավոք, ինչից ասես պատրաստում են այդ գործիքը, վաճառում են, պատիվը գցում դուդուկի: Պետք է ծիրանի ծառի փայտից այն անպայման պատրաստվի եւ վաճառվի, որպեսզի ամոթ չլինի մեզ համար: Դուդուկը մերն է, մեր ազգայինն է, հայի պատմությունն է, ոչ մի ազգ չունի դրանից: Ես որեւէ գործիքի չեմ թերագնահատում, բայց դուդուկի ձայնն ուրիշ է, այն օրհնանք է: Վիլյամ Սարոյանն ասել է՝ Ջիվան քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE