Նորաձեւության փորձագետ. պատրաստվում ենք հարցազրույցի

21:38   18 հուլիսի, 2013

Որքան էլ չցանկանանք հավատալ ժողովրդական իմաստությանը, ամեն դեպքում իրականությունն էլ ապացուցում է, որ մեզ նախ ընդունոմ են «հագուստով», ավելի ճիշտ՝ ընդհանուր իմիջով՝ ներառյալ խնամված ձեռքերը եւ շատ այլ մանրուքներ: Ուղեւորվելով հարցազրույցի, մենք պարզապես պարտավոր ենք միաժամանակ հուսալի, պատկառելի եւ համեստ տեսք ունենալ: Իսկ ինչպե՞ս այդպիսին լինել եւ հնարավորություն տալ մեր մասին միայն դրական կարծիք կազմել:

«Քառակուսու» կանոն – մարդը, ում կազմվածքը համապատասխանում է այս պատկերացմանը, ենթագիտակցորեն ընդունվում է որպես ինքնավստահ եւ չափազանց հուսալի: Նման մարդուն մեխանիկորեն առաջնորդի հատկություններ են վերագրում. նպատակասլացություն, վճռականություն եւ համառություն: Այդ պատճառով, տղամարդուն բավարար է միայն դասական կոստյում հագնել եւ ցանկալի արդյունքն ապահովված է: Կանանց համար ավելի դյուրին է: Մինչ աշխատանքի ընդունվելու գնալն ուշադիր ուսումնասիրեք գործընկերուհիների հագուստը եւ հարցազրույցի գնալիս նման ոճի հագուստ ընտրեք: Այդ տարբերակը, ամենայն հավանականությամբ, կաշխատի: Ուշադրություն դարձրեք նաեւ, թե ինչպես են աղջիկները դիմահարդարվում, ինչ կոշիկ են հագնում կամ ինչ զարդ են կրում: Այդ ամենը պետք կգա սեփական ոճն ընտրելիս եւ հաջողակ աշխատակցի իմիջ ստեղծելիս:

«Ո՛չ սեքսուալությանը» - այս կանոնին պետք է լուրջ վերաբերել նույնիսկ այն դեպքում, եթե հարցազրույցը տղամարդ է անցկացնում: Բազմաթիվ տղամարդ-ղեկավարներ ենթագիտակցորեն կարծում են, որ սեքսուալությունն ու աշխատունակությունն անհամատեղելի հասկացություններ են եւ նման աղջիկներին մերժում են՝ պատճառաբանելով ժամանակի եւ աշխատատեղի բացակայությամբ: Կին-ղեկավարի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է. նա կարող է փչացնել հարցազրույցն անգիտակցական (հնարավոր է՝ նաեւ գիտակցված) մրցակցության պատճառով: Պետք չէ ի ցույց դնել նաեւ նյութական բարեկեցությունը. չի կարելի հարցազրույցի գնալ թանկարժեք զարդերով եւ կոստյումներով: Ձեր զրուցակցին կարող է թվալ, որ դուք կարգավիճակով իրենից բարձր եք եւ հենց այդ պատճառով կմերժվեք:

Կրեք ոչ թանկարժեք, բայց նորաոճ զարդեր կամ համեստ ոսկյա իրեր. դրանք չպետք է աչքի զարնեն: Միաժամանակ կարեւոր է, որ դրանք համապատասխանեն ձեր ընդհանուր ոճին: Մարգարտաշարը եւ մարգարտե օղերը կատարյալ տարբերակ են:

Խիստ, անկաշկանդ եւ առավելագույնս հավաք տեսք. նման իմիջը՝ լավ երաշխավորագրերի հետ, ամենայն հավանականությամբ, ձեզ հնարավորություն կտան արժանի տեղ զբաղեցնել գործընկերների շարքում եւ հրաշալի կարիերա ստեղծել:

Անժելիկա Մանուկյան



© NEWS.am STYLE