«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանը ԱՄՆ-ում նոր հաղորդում է ստեղծել հայ երգի մեծերի մասին (ֆոտո)

14:25   13 հոկտեմբերի, 2019

«Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող Հայկուհի Բաբախանյանն արդեն մեկ տարի է, ինչ ընտանիքի՝ ամուսնու եւ երեխաների հետ բնակվում է ԱՄՆ-ում: Սակայն ժողովրդական երգն ու այդ ասպարեզում իր գործունեությունը երգչուհին չի դադարեցրել: Նույնիսկ Միացյալ Նահանգներում Հայկուհին որոշել է հանդես գալ մի նախագծով, որը ստեղծվել է՝ պահպանելու, տարածելու եւ ներկայացնելու մեր ազգային երաժշտությունն ու այդ ոլորտի վարպետներին:

«Հայ երգի երեկո Հայկուհի Բաբախանյանի» հետ՝ այսպես է կոչվում ժողովրդական երգչուհու նոր նախագիծը, որը հեռարձակվում է ԱՄՆ-ի ARTN հեռուստաալիքով եւ ցուցադրվում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Նախագծի հեղինակն ու վարողը հենց Հայկուհին է, իսկ ռեժիսորը՝ Արտավազդ Ամիրյանը:

NEWS.am STYLE-ը զրուցել է «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողի հետ իր նոր ծրագրի եւ երաժշտական մյուս նորությունների մասին.

«Այսպիսի նախագծի մտահաղացում վաղուց եմ ունեցել: Ցանկացել եմ ստեղծել մի ծրագիր, որը կլինի մեր մշակույթի վերաբերյալ, նվիրված կլինի երգարվեստին: Այնպես ստացվեց, որ եկա Միացյալ Նահանգներ եւ այստեղ ARTN հեռուստատեսության տնօրեն Ռոբերթ Օղլաղչյանի հետ քննարկեցինք տվյալ հաղորդման գաղափարը: Նա հավանություն տվեց նախագծին եւ միասին աշխատեցինք մտահաղացման շուրջ»,-պատմում է Հայկուհին:

Երգչուհու հեղինակային նախագիծը եթերում է սեպտեմբերի 13-ից, եւ դրական արձագանքների պակաս արդեն չունի.

«Հաղորդումը որոշեցինք անվանել «Հայ երգի երեկո Հայկուհի Բաբախանյանի հետ»: Դրա ձեւաչափը հետեւյալն է՝ ներկայացնում ենք փոքրիկ ֆիլմ, որը պատմում է տվյալ ստեղծագործողի կյանքի եւ գործունեության մասին, որից հետո ունենում ենք հյուր, որի հետ զրուցում ենք թեմայի շուրջ՝ ստեծագործողի կյանքից եւ գործերից: Այնուհետեւ ներկայացվում են օրվա հերոսի աշխատանքներից: Ես եւս կատարումներով հանդես եմ գալիս հաղորդման ընթացքում: Հաղորդման մեջ ընդգրկված բոլոր երգերը կատարվում են կենդանի նվագակցությամբ: Այս նախագծի նպատակներից մեկն է ասպարեզ բերել այն երգերը, որոնք մոռացության են մատնվել, շատ վաղուց չեն կատարվել»:

Երգչուհին նշում է՝ մեկ տարի շարունակ ԱՄՆ-ում գտնվելով հայրենիքի կարոտը մեծ է.

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես եւս, գտնվելով օտար ափերում, փափագում եմ մի օր վերադառնալ իմ հայրենիք»,-խոստովանում է նա:

Իր հաղորդման ընթացքում Հայկուհին արդեն հասցրել է անդրադառնալ հայ երգի մեծերից շատերին՝ Սայաթ-Նովա, Կոնստանտին Օրբելյան, Արամ Մերանգուլյան, Առնո Բաբաջանյան, Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Ջիվանի եւ այլք: Նոր հերոսներն ու անվանի հյուրերը առջեւում են…

Ինչ վերաբերում է երաժշտական այլ նորություններին՝ Հայկուհին նշում է.

«Այստեղ կազմակերպվող. գրեթե, բոլոր համերգներին մասնակցում եմ: Սակայն նոր տեսահոլովակի մասին մտածելու ժամանակ դեռեւս չունեմ. ամբողջ ուժերս այս պահին կենտրոնացրել եմ նախագծի վրա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հայկուհի Բաբախանյանը



© NEWS.am STYLE