Հայկական հոգով Դայան Սենդսը. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

20:14   18 հուլիսի, 2013

Դայան Սենդսը ֆրանսիական դաշնակահարուհի, հաղորդավարուհի, դերասանուհի, մոդել է, ով արդեն հասցրել է համաշխարհային համբավ եւ ճանաչում ձեռք բերել: Նրա գեղեցկությունն ու խոշոր խաժ աչքերի հայացքը խելքահան են անում: Բայց ոչ բոլորին է հայտնի, որ նման արտաքինի տիրուհին զտարյուն հայուհի է, ում անունը Դիանա Շնորհիկյան է:

Չնայած զբաղվածությանն ու ճանաչվածությանը (աղջիկը նկարահանվել է նաեւ Եվա Լոնգորիայի հետ), Դայանը կարողացավ ժամանակ տրամադրել NEWS.am STYLE-ին:

Դուք դաշնակահարուհի եք, հաղորդավարուհի, երգերի հեղինակ, երգչուհի: Ո՞րն է Ձեր մեջ գերակշռում:

Ես սիրում եմ երաժշտություն գրել: Հենց այդ է իմ կյանքի նպատակը:

Ինչպե՞ս հայտնվեցիք մոդելային աշխարհում:

Պատահաբար: Երբեք չեմ մտածել դրանով զբաղվել: Ես այնքան էլ բարձրահասակ չեմ, բայց իմ լուսանկարները, պարզվում է, հարմար էին կոմերցիոն լուսանկարահանումների համար:

Իսկ ի՞նչ հագուստ եք հագնում առօրյայում:

Ես հիմնականում հագնում եմ սեւ գույնի հագուստ, արծաթե զարդեր՝ խաչի տեսքով եւ լայնեզր գլխարկներ: Այդ կերպ ինքնարտահայտվում է իմ ռոքերային էությունը:

Դուք երբեւէ նկարահանվե՞լ եք հայկական ամսագրերի համար: Եթե, այո, ինչպիսի՞ն են տպավորությունները:

Ես Հայաստանը ներկայացնում եմ «Les origines de la beauté» նախագծում: Այն UNESCO-ի հրաշալի ծրագիր է: Բացի այդ, նկարահանվել եմ «El Style» ամսագրի համար: Սա լուսանկարիչների եւ ոճաբանների հայկական խմբի հետ աշխատանքի իմ առաջին փորձն էր:

Կներկայացնե՞ք հրաշալի կազմվածքի գաղտնիքը:

Լավ սնունդ, շատ քուն եւ առողջ կենսակերպ:

Ի դեպ, հետաքրքիր ազգանուն էԻսկ Sands կեղծանունը հայտնվեց, որովհետեւ Ձեր իսկական ազգանունը դժվա՞ր էր արտաբերել օտարներին:

Այո, ֆրանսիացիների համար չափազանց դժվար է կարդալ եւ արտաբերել իմ անունը:

Կարծում եք՝ ի՞նչ կա Ձեր մեջ հայուհուց:

Հայկական հոգին:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE