73-ամյա Թինա Թյորներն ամուսնացել է

11:02   18 հուլիսի, 2013

Ամերիկյան 73-ամյա երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի եւ պարուհի Թինա Թյորներն ամուսնացել է 57-ամյա երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ: Այս մասին տեղեկացնում է Schweiz am Sonntag-ը:

Քաղաքացիական ամուսնության արարողությունը կայացել է հուլիսի 15-ին, Շվեյցարիայում: Երգչուհին եւ պրոդյուսերն ամուսնացել են Ցյուրիխի շրջանի Կյուսնախտ քաղաքում:

 

Հարսանիքը կայանալու է հուլիսի 21-ին, նորապսակների առանձնատանը: Այն անցկացվելու է ճապոնական Նիտիրեն դպրոցի բուդդիստական ավանդույթներով, քանի որ Թինան արդեն մի քանի տարի բուդդիզմի հետեւորդ է: Հանդիսությանը հրավիրված են Դեւիդ Բոուին, Էրոս Ռամազոտտին, Շադեն, Օփրա Ունֆրին եւ հանրահայտ այլ անձինք:

«Գրեմմի»-ի ութակի մրցանակակիր երգչուհին Բախի հետ ծանոթ է 27 տարի: Զույգը 1995 թվականից ապրում է Շվեյցարիայում: Նրանց հարսանիքի մասին հայտնի դարձավ այս տարվա գարնանը:

Սա Թյորների երկրորդ ամուսնությունն է: Ավելի վաղ նա ամուսնացած էր իր գործընկեր, երաժիշտ Այկ Թյորների հետ: Նրանք ամուսնացել էին 1962 թվականին եւ բաժանվել 1978-ին:

Նշենք, որ Թինան պարողների աշխարհի լավագույն տասնյակում է: «Ռոլինգ Սթոուն» ամսագիրը նրան անվանել է ժամանակակից մեծագույն երգչուհի: 2013 թվականի ապրիլից Թինա Թյորները Շվեյցարիայի քաղաքացի է: Նա ապրում է Ցյուրիխի շրջանի Կյուսնախտ քաղաքում:



© NEWS.am STYLE