Աշնանային դիմակներ դեմքի համար

18:16   27 հոկտեմբերի, 2019

Աշնան երկրորդ ամիսը մոտեցավ ավարտին, այդ պատճառով հարկավոր է լրջորեն մտածել ձմռանը նախապատրաստվելու մասին: Այդ վերաբերում է ոչ միայն հագուստին, այլեւ, առաջին հերթին, դեմքի խնամքին: Ձեր մաշկին լուրջ փորձություններ են սպասվում. մրգերի, թարմ բանջարեղենի բացակայություն, արեւի լույսի պակաս, ցուրտ եւ սառը քամի: Հենց այդ ժամանակ էլ օգնության են գալիս դիմակները, որոնք հարկավոր է սկսել գործածել արդեն հիմա: 

1. Դդմիկով սնուցող դիմակ դեմքի եւ պարանոցի համար - թարմ դդմիկը բաժանել երկար բարակ կտորների, դնել կոսմետիկայից մաքրած դեմքին եւ պարանոցին: 20 րոպե անց դդմիկները հանել, իսկ դեմքը լվանալ ոչ մեծ քանակությամբ բորակի հետ խառնած ջրով:

2. Ստեպղինով դիմակ - ստեպղինը մանր քերիչով անցկացնել, խառնել ձվի սպիտակուցին, ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ կամ դեղձի յուղ, մի քիչ օսլա: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին:

3. Ստեպղինով եւ կաթնաշոռով դիմակ - 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռը խառնել 1 ճաշի գդալ դեղձի յուղի կամ ձիթապտղի ձեթի հետ, ավելացնել մի քիչ կաթ, ստեպղինի հյութ, լավ խառնել եւ քսել դեմքին:

4. Խնձորով դիմակ - խնձորը կեղեւազրկել եւ քերիչով անցկացնել, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կաթ կամ թթվասեր: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ավելացրեք նաեւ 1 ձվի դեղնուց:

5. Խմորիչով դիմակ - խմորիչը խառնել 3%-անոց ջրածնի պերօքսիդի կամ կաթի հետ այնպես, որ ստացվի խիտ թթվասերանման զանգված եւ քսել դեմքին ու պարանոցին: Դիմակը մաքրել սրբիչով: Այս դիմակը թարմացնում է դեմքը, փափկացնում մաշկն ու առաձգականություն հաղորդում: Օգտակար է ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի համար:

6. Բանանով դիմակ - մաքրած բանանը լավ խառնել մի քիչ կաթի հետ: Եթե ձեր մաշկը յուղոտ է, դիմակին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք:

7. Լոլիկով դիմակ - լոլիկը շրջանակաձեւ կտրատել, դնել դեմքին եւ պարանոցին, բարակ կտորով ծածկել: 15-20 րոպե անց լվացվել:

8. Խաղողով դիմակ - հասած խաղողի 2-3 հատիկ կտրել, հյութը քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպե անց լվացվել: Այս դիմակը հարթեցնում է մաշկը:



© NEWS.am STYLE