«Իմ կյանքում պետք է միշտ դրամա լինի, որպեսզի ես կարողանամ ստեղծագործել». Էմինեմը նշում է 47-ամյակը (ֆոտո/վիդեո)

20:04   17 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Էմինեմը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ծննդյան 47-ամյակն է նշում:

Էմինեմի ձայնասկավառակները տարբեր տարիներին մեծ թվով վաճառք են գրանցել: Ռեփերը հատկապես մեծ հաջողության է հասել 2000-ականների սկզբին: Էմինեմին ճանաչում է բերել 1999 թ-ին լույս տեսած The Slim Shady LP ալբոմը, որը ռեփերին տվել է առաջին «Գրեմմի» մրցանակը:

Բացի ռեփից՝ Էմինեմն այլ գործունեություն էլ է ծավալում: Նա ունի իր սեփական ձայնագրման ստուդիան եւ ռադիոկայանը: Ռեփերը նաեւ նկարահանվել է ֆիլմերում՝ «8 մղոն», «Լվացքատուն», «Հարցազրույց» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հայտնի մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ընթերցել էլ ավելի հայտնի հիթերի ներքո:

«Դու երբեք չես իմանա, թե ինչ է քեզ հետ կատարվելու վաղը. կյանքը խենթ մրցավազք է, եւ ոչ ոք այս կյանքում ապահովագրված չէ»:

«Յուրաքանչյուրն ունի նպատակներ եւ ամբիցիաներ, եւ յուրաքանչյուրին էլ կյանքի որեւէ փուլում եղել են մարդիկ, որ ասել են՝ դու չես կարող հասնել դրանց»:

«Եթե որեւէ հաղորդագրություն կա իմ երգերում, որից մարդիկ ինչ-որ բան պետք է սովորեն, դա այն է, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես, պետք  աշխատել դրա շուրջ»:

«Ոչ ոք չի սիրում ձախողել: Ես ցանկանում եմ հաջողության հասնել այն ամենում, ինչ ձեռնարկում եմ: Բայց երբ ձախողում եմ այն բաներում, որոնց հանդեպ կիրքս առանձնահատուկ մեծ է, եթե հաջողության չեմ հասնում այդ հարցում, էլ ի՞նչ է ինձ մնում անել»:

«Եթե անկեղծ, ես երբեք բարձրախոսը ձեռքիցս վայր չեմ դնում»:

«Իմ աշխատած ցանկացած գումարի այնպես եմ վերաբերվում, ասես դա իմ վերջին աշխատածն է լինելու»:

«Երգի մեջ ցանկացած էմոցիա՝ լինի դա բարկություն, թե ագրեսիա, պետք է արդարացված լինի»:

«Իմ կյանքում պետք է միշտ դրամա լինի, որպեսզի ես կարողանամ ստեղծագործել»:

«Կյանքում եղել են պահեր, երբ մտածել եմ՝ Աստված իմ, եթե ես սեւանորթ ծնված լինեի, ստիպված չէի լինի անցնել այս ամենի միջով»:

«Ես ցանկանում եմ ստեղծագործել այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ, բայց մյուս կողմից էլ՝ երբեք չես իմանա, թե ռեփի մեջ քեզ որքան ժամանակ լուրջ կընդունեն»:

Լուսանկարը՝ Facebook-ից

 



© NEWS.am STYLE