Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, «մեր Քանյե Ուեսթի» մասին. Գարիկ Մարտիրոսյանն Ուրգանտի հաղորդման հյուրն է եղել (վիդեո)

13:18   19 հոկտեմբերի, 2019

Հայազգի շոումեն, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հեռարձակվող «Вечерний Ургант» հեռուստաշոուի հյուրն է դարձել։ Տաղավարում Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «Щас спою» նախագծի մասին, որի հաղորդավարն է։ Խոսքը երաժշտական շոուի մասին է, որի ընթացքում «երկրի վատագույն վոկալիստները» կհավահաքվեն մի բեմում՝ իրականացնելու նվիրական երազանքը՝ գերազանցել իրենց եւ երգել այնքան լավ, որքան նախկինում երբեք չեն երգել։

Իվան Ուրգանտը հաղորդման ընթացքում Գարիկ Մարտիրոսյանին խնդրել է մեկնաբանել լուսանկարը, որում պատկերված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Շոումենը նախ կատակել է, որ նույնիպիսի լուսանկար ունի, որում պատկերված է Ուկրաինայի նախագահի հետ, իսկ մեկ այլ տեսանյութում պարում է ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ «Ես պարոն Սարգսյանի հետ ծանոթ էի ավելի վաղ՝ նախքան նրա՝ Հայաստանի նախագահ դառնալը։ Այս տարի հերթական անգամ Հայաստան այցելելով՝ ես նրանից նախագահական նստավայր այցելելու հրավեր ստացա։ Մենք նրա հետ շատ լավ շփվեցինք, եւ նա ինձ Հայաստանի զինանշանով գլխարկ նվիրեց»,- ասաց Գարիկ Մարտիրոսյանը։

Ուրգանտն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ վերջերս կայացած հանդիպմանը։ Ի դեպ, երբ Ուրգանտը կատակելիս հիշատակել է հայուհու ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի անունը, Գարիկ Մարտիրոսյանը նշել է. «Ոչ թե պարզապես Քանյե Ուեսթ, մեր Քանյե Ուեսթ։ Հայաստանում նա համարվում է մերը»։

«Կա՞ ինչ-որ շանս, որ եթե դու ծանոթ ես նախագահին, իսկ նախագահը ծանոթ է Քիմ Քարդաշյանին, իսկ նա ամուսնացած է Քանյե Ուեսթի, ինչ-որ հանգամանքների ուժով դու կարող ես...»,- Ուրգանտի այս խոսքերն ընդհատել է Գարիկն ու հարցրել. «Նրանից վերցնել Սնուփ Դոգի հեռախոսահամա՞րը»։ Ուրգանտի դրական արձագանքին ի պատասխան շոոմենը նշել է, որ ունի Սնուփ Դոգի հեռախոսահամարը, սական նա միայն Viber-ով է պատասխանում։



© NEWS.am STYLE