«Երեւանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար». Նազենի Հովհաննիսյան

21:38   19 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Երեւանի կնետրոնում՝ Կասկադում, արված նոր լուսանկար է հրապարակել։ Այն ուղեկցող տողերը դերասանուհին նվիրել է Երեւանը սիրող, նրանով ապրող ու նրան կարոտող մարդկանց»։

«Երեւանը: Անուշահոտ աշունների ու սերերի պես երջանկացնող, քամու հետ թեւածող տերեւներով լի քաղաքը, փողոցները` երակների պես կյանք տվող` արյունատար անոթ... Երեւանը, աննկարագրելի ապրեցնող, ու դաժանաբար ինքդ քեզ հետ թշնամացնող , հիվանդագին ուշադիր ու հիվադացնող անտարբեր: Մեր քաղաքն ախր ինչքա՜ն նման է մեզ. անհագուրդ կարոտների ու գիշերվա զովերի քաղաքը: Անծով, բայց ծով մարդկանց քաղաքը։ Մի քիչ գժոտ, թեթեւասահ ու քմահաճ, բայց եւ անհատնում համբերությամբ, սեթեւեթ կնոջ տրամադրությամբ փոփոխական, բայց հաստատ քեզ մշտապես սպասող քաղաքը:

Դու... մի տխրիր. Երեւանն ամեն օր ու ամենուր քեզ հետ կլինի. երեկ, վաղը եւ այսօր:
Իսկ հեռավորությու՞նը մի օր ուղղակի կանցնի- կգնա` աշնան թափվող տերեւների պես: Գորգ կդառնա ոտքերիդ տակ. ցավերից, կարոտներից ու փայլող հիշողություններից հյուսված ճամփա, որ վերջապես վերադարձնի քեզ քաղաքին ու քաղաքը` քեզ: Կարոտներիցդ պինդ բռնվիր, որ փոթորկելով բերեն-հասցնեն երազանքներիդ հավերժական քաղաքին, որը որքան էլ կեղտոտես բարկությամբ, ներկես հուսահատությամբդ գորշագույն, միեւնույն է միշտ կմնա քո վարդագույն երազանքի քաղաքը:

Երեւանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար: Երեւանը. հիվանդացնող անտարբեր ու հիվանդագին ուշադիր մեր Քաղաքը... Նվիրվում է Երեւանը սիրող, նրանով ապրող ու նրան կարոտող մարդկանց...»,- գրել է նա։



© NEWS.am STYLE