Ինչպե՞ս է ստեղծվել Քիմ Քարդաշյանի ամենաքննարկված դիմանկարը, որը հայուհուն շնորհվեց Հայաստանում. նկարիչ Արթուր Սարյանը պատմում է (ֆոտո)

14:25   21 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը կարճատեւ էր, բայց աշխարհահռչակ հայուհուն դա էլ էր բավական, որպեսզի Միացյալ Նահանգներ վերադառնար երկրպագուների ջերմությունն ու սերը տանելով: Բայց այդ ամենը միակ պարգեւը չէր, որ Քիմը ստացավ հայրենիքում: Քարդաշյանին շատերը շտապեցին նվերներ հանձնել, որոնցից ամենախոշորը (բառի բուն իմաստով) այն դիմանկարն էր, որը ռեալիթի շոուի աստղին շնորհվեց WCIT համաժողովի ժամանակ, որի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Քիմը: Շատերը քննարկեցին Քարդաշյանի գունազարդ դիմանկարը, բայց ոչ բոլորին է հայտնի, որ դրա հեղինակը մոսկվաբնակ հայ նկարիչ Արթուր Սարյանն է:

Ինչո՞ւ, ինչպե՞ս եւ քանի՞ օրում է Սարյանին հաջողվել ստեղծել համահայկական քննարկման արժանացած արվեստի այդ գործը, որը, հավանաբար, արդեն իր ուրույն տեղն ունի Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի առանձնատանը:

Հարցերի պատասխանները NEWS.am STYLE –ը պարզել է անձամբ նկարչից:
«Նկարը ստեծելու մտադրությունը նրա այցի հետ էր կապված: Միտքը կնոջինս էր: Իսկ նման գեղեցիկ կնոջ կարծում եմ` ցանկացած նկարիչ կցանկանար նկարել»,-անկեղծանում է Արթուրը՝ հավելելով, որ դիմանկարը ստեղծել է ընդամենը մեկ օրում:

«Ավել ժամանակ չունեի: Արմինե Թումանյանը վերցրեց այդ նկարն իր հետ, եւ նրա որդին նվիրեց այն Քիմին»:

Բացի արտաքին գեղեցկությունից՝ Քիմը նկարչին ոգեշնչել է նաեւ բազմազավակ մայր լինելով, իսկ որոշ լուսանկարներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ դիմանկարն էլ իր հերթին ոգեշնչել է Քարդաշյանին:

«Նրա կարծիքը չեմ լսել, բայց մի լուսանկար կա, որում ակնհայտ երեւում է նրա զարմանքը եւ ոգեւորությունը»,-ուրախությամբ նկատեց Արթուրը, որի հետ խոսեցինք նաեւ «Սարյանի արվեսի աշխարհ» կոչվող նորաբաց ուսումնական կենտրոնի մասին, որը նկարիչը վերջերս է հիմնել.

««Սարյան արվեստի աշխարհ»-ը չեմ ցանկացել կոչել դպրոց, ստուդիա կամ կրթօջախ. դա արվեստի մի փոքրիկ աշխարհ է, որտեղ սաները նույնպես ստեղծում են իրենց արվեստի աշխարհը: Այն գտնվում է Մոսկվայի տանը: Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց որոշել եմ այս անգամ ավելի երկար ժամանակ անցկացնել հայրենիքումս, եւ վարպետության դասերն ինքս եմ անցկացնում: Ի դեպ, այնտեղ ոչ միայն երեխաներ են ուսանում, կան նաեւ չափահասներ: Մի խոսքով` տարիքային սահմանափակում չկա. արվեստի աշխարհում ի՞նչ կապ ունի` քանի տարեկան ես»:

Շատերին, միգուիցե, շփոթության մատնի նաեւ նկարչի Սարյան ազգանունը: Արդյոք ազգակցական կապ ունի՞ հանրահայտ Մարտիրոս Սարյանի հետ՝ հետաքրքրվեցինք նրանից.

«Վարպետի հետ բարեկամ չենք, բայց երկուսս էլ հայ ենք, ուրեմն` ազգակից ենք»,-ժպիտով նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am/ եւ Արթուր Սարյանի անձնական արխիվից

 



© NEWS.am STYLE