«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը դեսպանատների եւ այլ կառույցների հետ համատեղ ծրագրեր կներկայացնի

17:05   22 հոկտեմբերի, 2019

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը ծրագրեր կներկայացնի ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ: Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունւին եւ ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ներկայացրին այս տարվա փառատոնի կարեւորագույն կողմերը:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում: Կիրականացվի նաեւ հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Փառատոնի շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր եւ սեմինարներ:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանելու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ եւ անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ եւ գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գեւորգ Մուրադը (ԱՄՆ):

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը: Ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթաց կանցկացնեն Երեւանում: Դեսպանատան հետ համագործակցության արդյունքում կցուցադրվեն նաեւ մի շարք ֆիլմեր:

«Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կնկատեք կարմիր կլոր խորհրդանիշ:  Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում եւ աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: 



© NEWS.am STYLE