«Շատերը մտածում էին՝ իմ հարսանիքն է». Լիլիթ Մարտիրոսյանը՝ դիզայներ Նինա Սարկիսյանցի հարսանեկան զգեստներով (ֆոտո)

12:25   23 հոկտեմբերի, 2019

Հարսանեկան զգեստ կրելը աղջիկների մեծամասնության համար է երազանք, որը շատերի համար իրականություն է դարձնում դիզայներ Նինա Սարկիսյանցը: Աշխարհի տարբեր երկրներում իր show room-ն ունեցող դիզայները Երեւանում գործող իր սրահի մեկ-ամյակի առթիվ նոր ֆոտոշարք է իրականացրել, որի հերոսուհին մոդել եւ մի շարք միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանն է: Ֆոտոշարքն իրականացվել է Երեւանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ Վերնիսաժում, եւ բնականաբար արժնացել անցորդների զարմանքին եւ հիացմունքին:

Լիլիթն ու Նինան ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրել են NEWS.am STYLE-ին, իսկ մոդել-գեղեցկուհին պատմել է, թե ինչ էր զգում շքեղ հարսանեկան զգեստները կրելիս, ինչու չի փորձում պատկերացնել իր սեփական հարսանիքը եւ ինչ աժիոտաժ էր առաջացրել հարսանեկան նկարահանումը անցորդների շրջանում:

«Իմ մոդելային կարիերայի ընթացքում շատ անգամներ եմ կրել հարսանեկան զգստներ՝ նկարահանումների, գովազդային արշավների համար, նաեւ ցուցադրությունների ժամանակ: Այդ ընթացքում շատ հետաքրքիր զգացողություններ եմ ունեցել, քանի որ հարսանեկան զգեստն, իհարկե, տարբերվում է մյուս զգեստներից, դրանով ցանկացած աղջիկ այլ զգացողություններ է ունենում: Երբ կրում ես հարսի զգեստ, սկում ես քեզ նայել երկար, հիանալ քեզանով… Սիրում եմ այն ցուցադրությունները, երբ պետք է հարսանեկան կերպարով լինեմ»,-անկեղծանում է Լիլիթը, որն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է հարսանեկան շքեղ հավաքածուների հեղինակ Նինա Սարկիսյանցի հետ.

«Մի ուրիշ զգացողություններ եմ ունեցել նրա զգեստները կրելիս, քանի որ դրանք ինձ համար շքեղության գագաթնակետն են: Բնականաբար, այդ շքեղությունը հաղորդվում է նաեւ իմ հոգեվիճակին եւ ես սկսում եմ ոգեշնչվել ու կենտրոնանալ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ էլ նույն զգացողությունները կունենա, եթե կրի այս զգեստներից որեւիցե մեկը: Ինձ համար այս ֆոտոշարքն, իսկապես, առանձնահատուկ է»:

Չնայած աշխատանքի բերումով հաճախ է առիթներ ունենում կրել հարսանեկան զգեստներ՝ իր ապագա հարսանեկան կերպարը Լիլիթը դեռեւս չի պատկերացնում. չի էլ փորձում դա անել:

«Ես տեսակով այնպիսին եմ, որ իմ ապագա իրադարձությունների վերաբերյալ նախնական պատկերացումներ աշխատում եմ չկազմել, որովհետեւ, երբ մեր պատկերացումները չեն արդարացվում, մենք մեծ հիասթափություն ենք ապրում եւ սկսում չնկատել այն հետաքրքիր պահերը, որոնք կյանքը մեզ համար նախատեսում է: Յուրաքանչյուրս ամեն օր առաջընթաց ենք ապրում, եւ մեզ մոտ թե ճաշակի, թե աշխարհընկալման փոփոխություններ են տեղի ունենում, դրա համար աշխատում եմ չպատկերացնել այն, ինչ լինելու է ապագայում, այդ թվում՝ նաեւ հարսանեկան զգեստս: Երբ այդ պահին ընտրության առաջ կանգնած լինեմ, կհասկանամ՝ որն է իմ հոգեվիճակին համապատասխան»:

Մինչ իր կյանքի սպասված օրը կգա, Լիլիթն իր գեղեցկությամբ եւ կերպարներով շարունակում է հմայել նորաձեւության սիրահարներին: Նինա Սարկիսյանցի հետ հարսանեկան նկարահանումը եւս բացառություն չէր.

«Նինայի մտահաղացումն էր, որ նկարահանումն իրականացնեինք դրսում՝ Վերնիսաժի գորգերի եւ ազգային զարդանախշերի միջավայրում: Շատ զբոսաշրջիկներ կային տարածքում, նաեւ՝ պատահական անցորդներ, որոնք հետաքրքրությամբ կանգ էին առնում, լուսանկարում… Շատ հետաքրքիր դեպքեր են եղել, որոնցից միայն մեկը չեմ կարող առանձնացնել: Ամեն ինչ շատ հետաքրքիր է անցել: Շատերը մտածում էին, թե իմ հարսանիքն է»,-ծիծաղում է Լիլիթն ու հավելում.

«Իրականում կարծում եմ՝ մոտ չէ այդ օրը: Առհասարակ, ոչ ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում: Այս տարիների ընթացքում, երբ սկսել եմ այլ կերպ ընկալել աշխարհն ու կյանքը, հասկացել եմ, որ այն շատ անկանխատեսելի է՝ անկախ նրանից, թե ինչ ենք ծրագրում… Կյանքը միշտ հետաքրքիր անակնկալներ է մեզ մատուցում: Ճիշտ է՝ ինքս մտածում եմ, թե այդ օրը շատ հեռու է, բայց կյանքը հնարավոր է՝ այլ բան ցույց տա: Առհասարակ, Աստված իմ հանդեպ միշտ առատաձեռն է գտնվում, եւ այն, ինչ կատարվում է իմ կյանքում, միշտ բարին է լինում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Զինա Ավենյանի

Դիմահարդար՝ Հասմիկ Մայիլյան

Վարսահարդար՝ Ժակ Թեքեյան



© NEWS.am STYLE