Ճանապարհորդի գրառումները. գնումներ Իտալիայում (մաս I)

22:58   19 հուլիսի, 2013

Իտալիան բազմաթիվ մոդելյորների եւ համաշխարհային դիզայներիների օրրանն է: Բազմաթիվ անվանի ապրանքանիշեր հենց այստեղ են ծնվել: Հագուստի տարատեսակ շարքեր ստեղծվել են Իտալիայում՝ հետագայում առաջատարի դիրք գրավելով նորաձեւության աշխարհում:

Այն, ինչ երբեմն հայկական խանութներում գտնում եք՝ Made in Italy նշումով, մեծ մասամբ կեղծ է կամ ցածրորակ: Այդ պատճառով, եթե բավարար չափով գումար ունեք եւ կարող եք ձեզ թույլ տալ հայտնի ապրանքանիշերի իրեր գնել, Իտալիան ձեզ կառաջարկի ինչպես թանկարժեք, այնպես էլ միջին գնով ապրանքների մեծ տեսականի:

Ո՞ր ապրանքները մեծ պահանջարկ ունեն: Հիմնականում տղամարդու, կանացի եւ մանկական հագուստ, կաշվե պայուսակներ, բաճկոններ, անձրեւանոցներ, ձեռնոց, կոշիկ, մուշտակ եւ տարատեսակ աքսեսուարներ: Այստեղ գնում են նաեւ ոսկյա զարդեր, հնաոճ իրեր, տեխնիկա:

Օգտակար տեղեկատվություն

Իտալիայում արժույթը եվրոն է: Ընդունում են նաեւ դոլար եւ գերմանական մարկ, սակայն պետք է հաշվի առնել, որ գնումներ կատարելիս տեղում դրամը կփոխանակեն ձեզ համար ոչ շահավետ փոխարժեքով: Սեփական քրտինքով վաստակած գումարը քամուն չտալու համար, գնումների գնալուց առաջ եվրո ձեռք բերեք: Եթե այդ արժույթը ձեզ հետ Իտալիա չեք տարեք, ավելի լավ է այն փոխանակել բանկում:

Իտալիայում խանութներն աշխատանքի սեփական գրաֆիկն ունեն: Դրանց մեծ մասն աշխատում է առավոտյան 8:00-ից (կամ 9:00-ից) մինչեւ 13:00-ը եւ 15:00-ից մինչեւ 19:00-ը (կամ 19:30): Ի դեպ, շաբաթ օրերին ճաշից հետո շատ քչերն են աշխատում: Բազմաթիվ խանութներ փակ են նաեւ երկուշաբթի առավոտյան: Բացառություն են կազմում միայն խոշոր առեւտրի կենտրոնները:

Բացի այդ, օգոստոսի կեսերին Իտալիայի առեւտրային բոլոր կետերում արձակուրդների շրջան է (Ferragosto), օգոստոսի 2-րդ եւ 3-րդ շաբաթը փակվում են անգամ ամենափոքրիկ տաղավարներն ու խանութները: Պաշտոնապես Իտալիայում ոչ աշխատանքային են հետեւյալ օրերը.

Հունվարի 1 – Նոր Տարի (Capodanno);

Հունվարի 6 – Մկրտություն (Epifania di N.S.);

Ապրիլի 25 – Ազատագրման օր (Anniversario della Liberazione);

Մայիսի 1 – Աշխատավորների համերաշխության միջազգային օր (Festa del Lavoro);

Հունիսի 2 – Հանրապետության տոն (Festa della Repubblica);

Օգոստոսի 15 – Սուրբ Աստվածածնի համբարձում (Assunzione S. Vergine Ferragosto);

Նոյեմբերի 1 – Բոլոր Սրբերի օր (Tutti i Santi);

Դեկետմբերի 8 – Կույս Մարիամի անաղարտ հղիության օր (Immacolata Concezione);

Դեկտեմբերի 24-25 – Սուրբ Ծնունդ (Natale);

Զատկի առաջին եւ երկրորդ օրերը (Pasca):

Իտալիայում ձեր գտնվելու ընթացքում գնումներ կատարելու անհնարինության պատճառով չհիասթափվելու համար, մանրամասն ուսումնասիրեք եւ ճիշտ ընտրեք ձեր ուղեւորության եւ վերադարձի ժամկետը:



© NEWS.am STYLE