Ճանապարհորդի գրառումները. գնումներ Իտալիայում (մաս II)

22:19   20 հուլիսի, 2013

Saldi-ն (սեզոնային զեղչեր) ե՛ւ զբոսաշրջիկների, ե՛ւ հենց իտալացիների սիրելի բառն է: Զեղչերը սովորաբար տեւում են հուլիսի կեսից մինչեւ սեպտեմբերի կեսը, իսկ հետո՝ ծննդյան տոներից մինչեւ մարտի սկիզբ: Զբոսաշրջիկներն առանց դժվարության կարող են նկատել հսկայական գովազդային եւ տեղեկատվական պաստառները: Իսկ ահա թանկարժեք եւ դիզայներական հագուստի խանութները, որպես կանոն, նման վահանակներ չեն փակցնում. նրանք այդ համարում են անպատվաբեր: Նրանց կարծիքով, Saldi ցուցանակի ներքո թաքնված է անպետք, հնացած ապրանք, այդ պատճառով նման խանութները հպարտորեն պահպանում են իրենց ապրանքանիշի պատիվը:

Գարնանային եւ ամառային զեղչերի շրջանում Իտալիա զբոսաշրջիկներ են գալիս ամբողջ աշխարհից՝ հույս ունենալով իջեցված գներով հրաշալի իրեր գնել: Այդ շրջանում հյուրանոցների մեծ մասը լիքն են, եւ կացարան գտնելն այնքան էլ դյուրին չէ: Գները նույնպես այդ ընթացքում կտրուկ բարձրանում են: Դրա համար հարկավոր է համար պատվիրել նախապես՝ 2-3 ամիս շուտ:

Կան հյուրանոցներ, որտեղ առաջարկում են ուղեկցորդի ծառայություններ՝ քաղաքի տեսարժան վայրերում, նաեւ՝ խանութներով եւ առեւտրային համալիրներով շրջելու համար: Այդ ծառայությունները երբեմն ներառվում են հյուրանոցի համարի արժեքի մեջ:

Ամենից հաճախ զբոսաշրջիկներն այցելում են գնումների առումով ավանդական իտալական քաղաքներ. Ֆլորենցիա, Հռոմ եւ Միլան: Այս քաղաքներն առեւտրային խոշոր կենտրոնների, բնականաբար՝ նաեւ առաջարկվող ապրանքների տեսականու առաջատարներն են: Դա, սակայն, չի նշանակում, որ այլ քաղաքներում չեք կարող գտնել ձեզ հարկավոր իրերը:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE