Ճանապարհորդի գրառումները. գնումներ Ֆլորենցիայում

22:13   21 հուլիսի, 2013

Ֆլորենցիայում ամառային զեղչերը տեւում են հուլիսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը, իսկ ձմեռային զեղչերը՝ հունվարի 7-ից մարտի 1-ը: Այդ շրջանում Ֆլորենցիա այցելած զբոսաշրջիկները պատմում են, որ ամառային զեղչերն ավելի գրավիչ են, քան ձմեռայինները: Բայց դա պարտադիր կանոն չէ: NEWS.am STYLE-ը վստահեցնում է, որ ձմռանը նույնպես կարող եք իջեցված գներով լավ իրեր գտնել, միայն հարկավոր է հաշվի առնել, որ նախ՝ զեղչերի ժամանակ վաճառում են նախորդ սեզոնի իրեր, ընթացիկ սեզոնի ապրանք չեք գտնի: Երկրորդ, եթե ձմռանն ամառային կոշիկ փնտրեք, դարձյալ իզուր ժամանակ կվատնեք:

Ֆլորենցիան գնումների համար գրավիչ է նրանով, որ կաշվե իրերն այստեղ ավելի էժան են, քան Իտալիայի այլ քաղաքներում: Օրինակ՝ կանացի ձեռնոցը շուրջ 16 եվրո է, այն դեպքում, երբ Հռոմում դրանք 5-6 եվրո ավելի թանկ կարժենան: Կաշվե իրերի պարագայում նման տարբերության պատճառն այն է, որ կաշին հիմնականում ստանում են Ֆլորենցիայից:

Ֆլորենցիայում գնումներ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել իտալական հայտնի ապրանքանիշերի Outlet-երին: Գներն այստեղ շատ ավելի էժան են, շուրջ 2-3 անգամ ավելի ցածր, քան բրենդային խանութներում: Որպես օրինակ նշենք The Mall-ը: Այն գտնվում է Ֆլորենցիայից մեկ ժամվա հեռավորությամբ, Ապենինյան լեռների ուղղությամբ, փոքրիկ Leccio քաղաքում: Այստեղ կան Gucci, Yamamoto, Burberry, La Perla, Ferragramo եւ այլ ապրանքանիշերի խանութներ:

Ferragramo-ում գները բավական բարձր են: Այս ապրանքանիշի տաբատի ցանկացած մոդել կարող եք գնել սկսած 180 եվրոյից, վերարկուի նվազագույն արժեքը 800 եվրո է:

Yamamoto-ում գները տատանվում են, բայց այդ նրանց համար, ում միջոցները սահմանափակ չեն: Ոչ շատ բարձր գներով նորաոճ իրեր ձեռք բերել ցանկացողներն այստեղ անելիք չունեն:

La Perla-ում առաջարկում են կանացի նուրբ ներքնազգեստի մի ամբողջ կույտ: Կարող եք փորփրել կողովներում եւ գտնել ձեզ հարմար նրբագեղ ներքնազգեստ՝ 50-100 եվրո արժողությամբ:

Burberry. այստեղ, զբոսաշրջիների հավաստմամբ, ամենից գրավիչ գներն ու բազմազան ապրանքներն են: Կանացի հագուստը հիացնում է հարուստ տեսականիով: Տղամարդկանց հագուստը գրավում է նորաոճությամբ եւ էլեգանտությամբ: Չնայած հանուն արդարության հարկ է նկատել, որ այստեղ նույնպես գները շատ ցածր չեն. անձրեւանոցի գինը սկսվում է 500, վերարկուինը՝ 450, տաք վերնազգեստինը՝ 150 եվրոյից:

Gucci-ում կարելի է բարձրորակ կոշիկ գնել, իհարկե, որքան էլ զարմանալի լինի, որ բոլոր չափսերն են լինում: Բարձրակրունկ կոշիկ կարելի է գնել 180 եվրոյով, տղամարդու եւ կանացի կոստյումներն արժեն 900 եվրոյից սկսած:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE