Ճանապարհորդի գրառումները. գնումներ Հռոմում

22:42   22 հուլիսի, 2013

Հռոմում անպայման լավ ապրանք կգտնեք ցանկացած պարունակությամբ դրամապանակի համար: Այստեղ վաճառվում են հայտնի ապրանքանիշերի գրեթե բոլոր ապրանքները: Որպեսզի կողմնորոշվեք, թե ինչքան գումար պետք է ծախսեք, NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս նախապես հասկանալ, թե ամենից շատ ինչ եք ցանկանում ձեռք բերել: Եթե այդ չանեք, ապա զեղչերով գայթակղելով՝ կգնեք իրերի մի ամբողջ կույտ, իսկ տանը դառնորեն կզղջաք, որ բաց թողեցիք, օրինակ, ձեր երազանքի մուշտակն ունենալու հնարավորությունը:

Հռոմում զեղչեր լինում են հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ձմռանը, ինչպես եւ Ֆլորենցիայում, մի քանի ամիս՝ հունվարից մինչեւ մարտ:

Եվ այսպես, սկսենք թանկ խանութներից: Հռոմում դրանք Պանթեոնի թաղամասում են՝ Իսպանիայի հրապարակում (piazza di Spagna), via dei Condotti-ում եւ նրան հարակից Gregoriana, Sistina, Frattina, Borgognona փողոցներում: Որպես կանոն, այնտեղ հաճախում են նյութապես ապահովված մարդիկ, ովքեր սովոր են հագնվել նորաձեւության վերջին ճիչով: Նրանք կարող են, օրինակ, 5.000 եվրոյով պայուսակ գնել: Այդ պատճառով, եթե սիրում ենք հագնել կոշիկի եւ հագուստի ամենանորաձեւ մոդելները, ասենք՝ Valentine, Dolce & Gabbana, Armani, Cucci, Trussardi եւ այլ ապրանքանիշերից, Իսպանիայի հրապարակի շրջանում կգտնեք այն ամենը, ինչ ցանկանում եք: Նման խանութներում զեղչերի մասին նույնիսկ չհարցնեք: Ձեզ կարող են անգամ չհասկանալ կամ քաղաքավարի խնդրել, որ փնտրեք այլ տեղ:

Միջին գներով խանութները տեղակայված են via Del Corso-ում: Վենետիկի հրապարակից սկսվող եւ դեպի հյուսիս-արեւմուտք ձգվող այս փողոցում ամբողջությամբ խանութներ են: Ուշադրության արժանի խանութներ կան նաեւ Via Barberinini, Via del Tritone, Via Nazionale, Via Vittoria փողոցներում, Վատիկանի շրջանում՝ Via Cola di Rienzo-ում: Ապրանքն այստեղ թանկարժեքներին ոչնչով չզիջող որակ ունի: Դրական եւս մեկ հանգամանք. կարող եք սակարկել եւ առաջարկել ձեզ հարմար գինը: Տրեւի շատրվանի հարեւանությամբ գտնվող Sore կոշիկի խանութն ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների սիրելի վայրն է:

Ավելի ցածր գներով իրերի համար երկու վայր կա՝ Տերմինի կայարանի եւ Պորտո Պորտեզե հրապարակի հարեւանությամբ: Տերմինի կայարանի շրջանում ինքնարժեքին մոտ գներ են, իսկ երկրորդում Mercato delle Puici շուկան է, որը հայտնի է ամենից մատչելի գներով: Շուկան բացվում է միայն կիրակի, վաղ առավոտյան եւ աշխատում է մինչեւ ժամը 13-ը: Այդ պատճառով աշխատեք ժամանակին հասնել այնտեղ, որպեսզի կարողանաք շրջել եւ ինչ-որ բան ընտրել: Շուկա կարելի է հասնել մետրոյով՝ դուրս գալով «Piramida» կայարանում:

Գնումների համար հետաքրքիր այլ վայրեր են «Grandi Magazzini» հանրախանութները: Իտալիայի խոշոր քաղաքներում կարող եք գտնել դրանց 4 մասնաճյուղեր. Upini, Coin, La Standa, La Rinascenta: Վերջինը բավական թանկ է, իսկ La Standa-ն՝ ամենից էժանը: Upini եւ Coin խանութները միջին մակարդակի գնորդների համար են, չնայած կարելի է նաեւ շատ թանկ իրեր տեսնել: Գնային քաղաքականությունն այսպիսին է. Իտալիայի բոլոր քաղաքներում նույն ապրանքը միեւնույն գինն ունի:

Թանկարժեք խանութներից բացի, Հռոմում բազմաթիվ այլ հրաշալի առեւտրի կետեր կան: Բայց չհամարձակվեք գնումներ կատարել հենց մայթեզրին տեղադրված կասկածելի տաղավարներից: Մեծ է հավանականությունը, որ ձեզ աստղաբաշխական գներով անպետք ապրանք կվաճառեն: Շատ են նաեւ խարդախության դեպքերը, հատկապես, երբ ձեր ամբողջ տեսքը շփոթվածություն եւ իրավիճակում չկողմնորոշվելու թուլություն է արտահայտում: Եթե որոշեք վճարել ոչ թե եվրոյով, այլ դոլարով կամ գերմանական մարկով, կարող են խաբել նաեւ փոխարժեքի հարցում:

Հռոմի բնակիչները զեղչով գնումներ կատարելու համար գնում են քաղաքի կենտրոնից հեռու գտնվող շուկաներ, խանութներ կամ տաղավարներ, որտեղ վաճառվում է լավ, բայց ոչ թանկ ապրանք:



© NEWS.am STYLE