Նիհարողի օրագիրը. Սասսի ջուրը եւ դրա արդյունքը

20:25   20 հուլիսի, 2013

Ողջո՛ւյն: Երբ երեկ գրեցի Սասսի ջրի մասին, բոլորը խնդրեցին պատմել արդյունքի մասին եւ ներկայացնել բաղադրատոմսը:

Բոլորս բազմիցս լսել ենք օրական մինչեւ 8 բաժակ մաքուր ջուր խմելու անհրաժեշտության մասին, որպեսզի ավելի երկար ակտիվ, աշխույժ եւ գեղեցիկ լինենք: Մի շարք առավելություններից բացի, ջուրը նաեւ արագացնում է նյութափոխանակությունը, այդ պատճառով շատ ջուր խմողներն ավելի քիչ են հայտնվում գիրանալու վտանգի առջեւ: Շատ ջուր օգտագործելը հաճախ նվազեցնում է նաեւ ցելյուլիտի առաջացման վտանգը:  

Նախկինում ես օրական առավելագույնը 2 բաժակ ջուր էի խմում: Չէի հասկանում, թե ինչպես կարելի է 2 լիտր ջուր խմել՝ չհաշված այլ հեղուկները:

Ահա Սասսի ջրի բաղադրատոմսը, որը հանգստացնում է աղեստամոքսային համակարգը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը եւ այլն:

Ձեզ անհրաժեշտ են. 

- մոտ 2 լիտր ջուր;

- 1 թեյի գդալ քերիչով անցկացրած իմբիր;

- լավ մաքրած եւ շրջանաձեւ բարակ շերտերով կտրատած 1 վարունգ;

- շրջանաձեւ բարակ շերտերով կտրատած 1 կիտրոն;

- 10 հատ անանուխի փոքրիկ տերեւներ (թարմ):

Բոլոր բաղադրիչները մեծ տարայում խառնում ենք, ամբողջ գիշեր թողնում սառնարանում: Մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ խմում ենք:

Երեկ ես նույնությամբ արեցի, ինչպես գրված է, եւ նույնիսկ խմեցի այդ 2 լիտրը: Չգիտեմ, նիհարել եմ, թե՝ ոչ, քանի որ չեմ կշռվել: Բայց դեմքիս մաշկն առավոտյան նկատելիորեն լավացել էր: Բացի այդ, այնպիսի զգացողություն է, որ փորս ներս են քաշել: Ընդ որում, սնվել եմ սովարականի նման:

Այսօր փորձելու եմ ՄԻԱՅՆ Սասսի ջուր խմել: Արդյունքների մասին կգրեմ:

Անի



© NEWS.am STYLE