«Սարսափելի գեղեցիկ». Անելյան, Լյուսին, Թերեզան ու Մարիամը՝ NEWS.am STYLE-ի հելոուինյան նորաձեւ ֆոտոշարքում (ֆոտո/վիդեո)

13:05   31 հոկտեմբերի, 2019

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի մի շարք երկրներում նշում են «Հելոուինը»՝ տոն, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում, եւ որը տոնում են բոլոր սրբերի օրվա նախօրեին: Ըստ ավանդույթի՝ այս օրը մարդիկ քողարկվում են սարսափազդու դիմակների ներքո: Այդպիսի կերպարների այսօր շատ կհանդիպեք նաեւ երեւանյան փողոցներում: Ու թեեւ այս տոնը ոչ մի առնչություն չունի հայերի ու Հայաստանի հետ, մեր երկրում երիտասարդները եւս վերջին տարիներին ակտիվորեն նշում են այն՝ դիմակներով եւ թեմատիկ երեկույթներով:

Քանի որ Հայաստանն էլ անմասն չէ տոնից, NEWS.am STYLE-ը որոշեց ֆոտոշարք իրականացնել մոդելներ Թերեզա Մարտիրոսյանի, Մարիամ Դավթյանի, Անելյա Գուբրյանի եւ Լյուսի Հայրապետյանի մասնակցությամբ, որում փորձել ենք «Հելոուինը» միքսել նորաձեւության հետ: Աղջիկների հետ զրուցել ենք նաեւ տոնի հանդեպ իրենց վերաբերմունքի, վախերի եւ ֆոբիաների մասին: Իսկ, թե ինչպես է անցել մեր ֆոտոշարքի նկարահանման ընթացքը, դիտեք տեսանյութում:

Թերեզա Մարտիրոսյան. «Առաջին անգամ եմ նման կերպարում»

Ո՞րն է «Հելոուինի»` քո տեսած ամենասարսափելի կերպարը:

Առաջին կերպարս է նման ժանրի մեջ, որովհետեւ առանձնապե չեմ սիրում «Հելոուինը», չեմ նշում մեծ շուքով ու եթե անկեղծ՝ շատ չեմ ուսումնասիրել այդ տոնի մասին: Գուցե, իրականում այն մեծ նշանակություն ունի դրսում, բայց մեզ մոտ մեծ ուրախությամբ չեն նշում, թեպետ կան երիտասարդներ, որոնք ինչ-որ կերպ տոնում են: Ինքս սարսափ ժանրի սիրահար չեմ, անգամ նման ֆիլմեր չեմ դիտում:

Մանուկ ժամանակ ունեցե՞լ ես վախեր, որոնք հաղթահարել ես:

Կոնկրետ վախեր չեմ ունեցել, չեմ հիշում, որ ինչ-որ բան ինձ վրա հետք թողած լինի: Կառանձնացնեմ, թերեւս, ջրից վախը՝ կլինի լողավազանում, թե ծովում: Ջրից ֆոբիա ունեմ:

Երբ վախեցած ես լինում, ի՞նչն է քո արտաքինում քեզ մատնում:

Առհասարակ, ես էմոցիոնալ մարդ եմ, երբ ինչ-որ բանից վախեցած եմ, կամ մի բան ինձ դուր է գալիս, մի բան՝ ոչ, դա միանգամից երեւում է իմ դեմքից, իմ ժեստերից:

Ի՞նչն է քեզ համար սարսափելի գեղեցիկ:

Այդպիսի հասկացություն ես չեմ պատկերացնում: Իմ կարծիքով դրանք տարբեր բաներ են:

Միստիկ երեւույթներին հավատո՞ւմ ես. զգացե՞լ ես քո կյանքում:

Իմ կյանքում չեմ զգացել, բայց, այո, հավատում եմ:

«Հելոուինի» տոնակատարություններին մասնակցե՞լ/մասնակացո՞ւմ ես:

Երբեւիցե չեմ մասնակցել, այս ֆոտոշարքում էլ առաջին անգամ եմ նման կերպարում: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց անկեղծ ասած՝ չեմ կարծում՝ երբեւէ կցանկանամ մասնակցել դրան:

«Հելոուինը» ինչի՞ հետ ես ասոցացնում:

Կոնկրետ բանի հետ չեմ ասոցացնում, իրական պատմությունը չեմ ուսումնասիրել, բայց նկատել եմ, որ մարդիկ հաճախ «Հելոուինը» խառնում եմ դիմակահանդեսի հետ, սակայն ըստ իս՝ դրանք տարբեր բաներ են:

Մարիամ Դավթյան. «Չեմ սիրում այս տոնը»

Ինչպե՞ս կբնութագրես քո կերպարը:

Ես «Դիսնեյի» նոր հերոսուհին եմ՝ Մարիամիսենտեն (ծիծաղում է): Ինչո՞ւ ոչ՝ շատ բարի ու խորհրդավոր կերպար, որը շատ սիրեցի:

Ո՞րն է «Հելոուինի»` քո տեսած ամենասարսափելի կերպարը:

Օհ, չեմ կարող մտաբերել, քանի որ այնքան էլ հետաքրքրված չեմ այս տոնով, բայց ինձ համար բոլոր չար կերպարներն էլ սարսափելի են:

Մանուկ ժամանակ ունեցե՞լ ես վախեր, որոնք հաղթահարել ես:

Մանուկ ժամանակ վախենում էի Մեշոկ պապիկից, որն իմ հետեւից կգար, եթե հացս չուտեի, նաեւ՝ մեր հարեւանի շնից՝ Արջուկից: Իսկ հիմա չեմ հավատում Մեշոկ պապիկի գոյւթյանը, իսկ շներին շատ եմ սիրում:

Ինչի՞ց ես վախենում այսօր:

Սիրելի ու հարազատ մարդկանց կորստից…

Երբ վախեցած ես լինում, ի՞նչն է քո արտաքինում քեզ մատնում:

Քանի որ շատ էմոցիոնալ եմ, հեշտ եմ մատնվում՝ ժեստեր, միմիկաներ…

Ի՞նչն է քեզ համար սարսափելի գեղեցիկ:

Երբ հոգին ու մարմինը ներդաշնակ են, երբ լույս կա մարդու մեջ, աչքերում՝ պարզություն, իսկ սրտում՝ սեր…

Միստիկ երեւույթներին հավատո՞ւմ ես. զգացե՞լ ես քո կյանքում:

Մենք տեսնում ենք այն, ինչին հավատում ենք: Ես՝ ինքս, դեռ չեմ զգացել, թեպետ շրջապատում շատ եմ լսում միստիկ պատմություններ:

«Հելոուինի» տոնակատարություններին մասնակցե՞լ/մասնակացո՞ւմ ես:

Չեմ մասնակցել, չեմ սիրում այդ տոնը: Այն իր մեջ ինչ-որ սատանայական բան ունի: Չնայած իր պատմությանը՝ ես կարծում եմ՝ այն որեւէ մեծ նշանակություն չունի:

«Հելոուինը» ինչի՞ հետ ես ասոցացնում:

Դդմիկների… շատ ու շատ դդմիկների…

Անելյա Գուբրյան. «Իրականում էլ աչքերիս տակ նման կապտուկներ կան հիմա»

Ինչպե՞ս կբնութագրես քո կերպարը:

Որքան էլ տարօրինակ հնչի՝ իմ կերպարին հումորով եմ մոտենում, նրան տվել եմ «Քննություններին պատրաստվող ուսանող» անվանումը (ծիծաղում է): Աչքերի տակի կապտուկները լիովին նկարագրում են իմ ներկայիս իրավիճակը, քանի որ առջեւում քննություններն են ու ես շատ քիչ եմ քնում, պարապում եմ: Իրականում էլ աչքերիս տակ նման կապտուկներ կան հիմա (ծիծաղում է):

Ո՞րն է «Հելոուինի»` քո տեսած ամենասարսափելի կերպարը:

Վերջերս Instagram-ում տեսա ամերիկացի հայտնի մի դիմահարդարի ստեղծած կերպարը, որում աղջկա պարանոցն ամբողջությամբ սեւ էր, կոկորդը՝ քրքրված, մի խոսքով՝ զարհուրելի ու ստացված կերպար էր:

Մանուկ ժամանակ ունեցե՞լ ես վախեր, որոնք հաղթահարել ես:

Առանձնապես ինչ-որ վախ չեմ ունեցել, բայց միշտ վախեցել եմ կորցնել մայրիկիս՝ ամբոխի մեջ (ծիծաղում է):

Ինչի՞ց ես վախենում այսօր:

Չգիտեմ՝ կարելի է դա վախ համարել, թե ոչ, բայց վերջերս սկսել եմ վախենալ անիմաստ ժամանակ վատնելուց: Ժամանակը շատ թանկ է, ու վախենում եմ այն վատնել սխալ մարդկանց, սխալ աշխատանքի վրա ու հետո չկարողանալ վերադարձնել...

Երբ վախեցած ես լինում, ի՞նչն է քո արտաքինում քեզ մատնում:

Կարծում եմ՝ այդքան արտաքինս չի մատնում, որքան՝ ձայնս: Երբ վախենում եմ, շատ բարձր եմ սկսում արձագանքել կամ խոսել, բայց շատ արագ հավաքում եմ ինձ:

Ի՞նչն է քեզ համար սարսափելի գեղեցիկ:

Կյանքը… Կյանքն ինձ համար սարսափելի գեղեցիկ երեւույթ է՝ իր բոլոր անսպասելի իրադարձություններով, նվերներով, լավ, թե վատ հիշողություններով ու օրերով…

Միստիկ երեւույթներին հավատո՞ւմ ես. զգացե՞լ ես քո կյանքում:

Շատ եմ հավատում էներգետիկ դաշտին՝ դրական, թե բացասական: Միստիկ երեւույթները եւս տեղ են գտել մեր կյանքում, մեր աշխարհում, մեր մոլորակում: Դրանց շատ եմ ուշադրություն դարձնում, ու երբ սկսում ես ուսումնասիրել, իսկապես,հավատում ես դրանց գոյությանը:

«Հելոուինի» տոնակատարություններին մասնակցե՞լ/մասնակացո՞ւմ ես:

Փոքր ժամանակ մասնակցել եմ ամերիկահայերի կողմից կազմայկերպված երեկույթներին: Հիմա չեմ մասնակցում… Դա մեր տոնը չեմ համարում, դրա համար էլ երեւի որեւէ եռանդ չեմ զգում դրա հանդեպ:

«Հելոուինը» ինչի՞ հետ ես ասոցացնում:

«Հելոունիը» ունեցել է իմաստ, երբ ստեղծվել է. դրա մասին կարդացել եմ, ուսումնասիրել եմ, բայց հիմա դա ավելի շատ վերածել են խնջույքի, տոնակատարության, ազատ ժամանակ անցկացնելուն: Բուն «Հելոուինը» նշվում է այն երկրներում, որտեղ հիմնադրվել է, մնացած երկրներում այն ուրախության առիթ է դաձել: 

Լյուսի Հայրապետյան. «Չեմ ընդունում, երբ մարդիկ իրենց չափից շատ սարսափելի ու տգեղ են դարձնում»

Ինչպե՞ս կբնութագրես քո կերպարը:

Առօրյա սարդոստայնից մի հատված՝ իմ դեմքին…

Ո՞րն է «Հելոուինի»` քո տեսած ամենասարսափելի կերպարը:

Ինձ համար բոլոր զզվելի, տգեղ կերպարները, միշտ լինում են սարսափելի: Առհասարակ, «Հելոուինի» ժամանակ որեւէ երեկույթի գնալու ցանկությունը հիմնականում շատ քիչ է լինում, որովհետեւ չեմ ընդունում, երբ մարդիկ իրենց չափից շատ սարսափելի ու տգեղ են դարձնում:

Մանուկ ժամանակ ունեցե՞լ ես վախեր, որոնք հաղթահարել ես:

Այո, հստակ հիշում եմ՝ խաղերից եկել էր մի վախ՝ վախ պարտված լինելու: Հետո հասկացա, որ չկան պարտվածներ եւ հաղթողներ, ուղղակի կան ավելի շատ ձգտողներ ու ավելի շատ բաների հասնողներ, դրա համար էլ այդ վախը չունեմ այսօր:

Ինչի՞ց ես վախենում այսօր:

Վատ էներգիա ունեցող մարդկանցից, որովհետեւ նրանք ազդում են իմ ամբողջ օրվա վրա:

Երբ վախեցած ես լինում, ի՞նչն է քո արտաքինում քեզ մատնում:

Ենթադրում եմ՝ աչքերս եւ ժեստերս, հատկապես՝ ձեռքերիս ժեստերը շատ ակտիվ են:

Ի՞նչն է քեզ համար սարսափելի գեղեցիկ:

Օվկիանոսը, մայրամուտը, փոքրիկ լացող բալիկը, քնից նոր արթնացած, չշպարված աղջիկը՝ իր երկու հակասող տարբերակով (ժպտում է):

Միստիկ երեւույթներին հավատո՞ւմ ես. զգացե՞լ ես քո կյանքում:

Այո, հավատում եմ, ու կյանքումս եղել են պահեր, որ զգացել եմ, բայց չեմ խոսի դրանց մասին:

«Հելոուինի» տոնակատարություններին մասնակցե՞լ/մասնակացո՞ւմ ես:

Մասնակցում եմ՝ որպես կանոն զուտ նրա համար, որ առիթ ունեմ լինելու «վախենալու տիկնիկ»-ի կերպարում, բայց երբեք չեմ եղել սարսափելի տիկնիկ՝ ուղղակի՝ մի քիչ հոգնած ու կարմրած աչքերով: Կարծում եմ՝ «Հելոուինը» նաեւ լավ առիթ է, որ ընկերներով հավաքվենք, որովհետեւ այդ օրը տարբեր հետաքրքիր միջոցառումներ լինում են քաղաքում:

«Հելոուինը» ինչի՞ հետ ես ասոցացնում:

Մռայլ, զզվելի, մութ, անհասկանալի երեւույթների հետ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի

Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի

Համագործակցության համար շնորհակալ ենք՝

Jena Art բրենդին (դիզայներ՝ Ժենյա Ասատրյան)` զգեստների համար,

Aga Kankanyan Image Studio-ին՝ դիմահարդարման համար,

Ջեք Թեքեյանին՝ Լյուսիի եւ Թերեզայի վարսահարդարման համար



© NEWS.am STYLE