Գերլարված իրադարձություններ՝ ուրիշի «անկողնում». «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

16:15   31 հոկտեմբերի, 2019

Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմը դերասաններ Արա Դեղտրիկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վիլեն Սարգսյանը, Աելիտա Գեւորգյանը, Կարապետ Քարաջյանը, Արթուր Պետրոսյանը, Լաուրա Բաբայանն ու Արեւիկ Ավետիսյանը իսկական «Ննջասենյակային զավեշտի» էին վերածել:  Ներկայացման պրեմիերան կայացավ երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ հանդիսատեսի բուռն արձագանքի եւ ծափահարությունների ներքո:

Գերէմոցիոնալ եւ զավեշտալի այս պիեսի հեինակը Ալան Էյկբորն է, բեմադրիչը՝ Ժիրայր Բաբազյանը, բեմանկարիչ՝ Մերի Արեյան:

Պիեսը չորս տարբեր զույգերի մասին է, որոնք միմյանց հետ ունեն ընդհանուր կապ, բայց տարբեր են իրենց փոխհարաբերություններով, էմոցիաներով եւ տեսակով:

Հերոսներից յուրաքանչյուրի կյանքում էլ կան լարված իրադրություններ, սակայն նրանցից ամենախճճվածը, թերեւս, Սյուզանի եւ Թրեվերի հարաբերություններն են (Անահիտ Կիրակոսան եւ Վիլեն Սարգսյան), որոնք զույգը փորձում է հարթել մյուսների «անկողնում»:

Անահիտ Կիրակոսյանը նման խենթ հերոսուհու դեռեւս չէր մարմնավորել, սակայն ինչպես նշում է՝ շատ է սիրել Սյուզանի կերպարը.

«Դերն, իրականում, շատ բարդ էր ինձ համար, քանի որ նա գերէմոցիոնալ եւ տարօրինակ կին է, որն ուրիշներին է համարում այդպիսին: Բայց ես շատ եմ սիրում փոփոխվել՝ որպես դերասանուհի, ստանալ նոր կերպարներ եւ աշխատել դրանց շուրջ, որպեսզի հանդիսատեսը ոչ թե ինձ տեսնի բեմի վրա, այլ իմ կերպարը: Ես սիրեցի Սյուզանին, եւ մենք, կարծում եմ, միմյանց հետ հաշտ ենք, թեպետ մյուս դերակատարների հետ վիճում ենք (ծիծաղում է)»:

Վիլեն Սարգսյանն իր հերոսին՝ Թրեվերին «մեծ երեխա է» համարում:

«Դժվար չէր նրան կերտելը, մեծ աշխատանքի արդյունքում հասանք այդ կերպարին: Առհասարակ, միշտ էլ դժվարություններ լինում են ցանկացած նոր գործի հետ: Պարոն Բաբազյանի հետ դեռ չէի աշխատել, բախտ վիճակվեց համագործակցության, որի ավարտին, կարծում եմ, հասանք արդյունքի»,-ասում է դերասանը, որը ոչ մի նմանություն չի տեսնում իր եւ Թրեվերի կերպարի միջեւ.

«Կյանքում ու թատրոնում չէի ունեցել նման կերպար: Փորձել եմ Թրեվերի մեջ գտնել մի կարեւորագույն էմոցիա ու դրա շուրջ կառուցել ամբողջ կերպարը»:

Իր եւ իր կերպարի՝ Սյուզանի նմանությանն արնդրադարձավ նաեւ Անահիտ Կիրակոսյանը.

«Ինձ թվում է՝ ցանկացած կերպարի մեջ քեզանից ինչ-որ բաներ կան, ու մարդն, առհասարակ, ընդունակ է ամեն էմոցիայի, պարզապես պետք է այն քո մեջ արթնացնես՝ կախված իրավիճակից: Ի վերջո, բոլորս էլ կարող ենք գժվել, խենթությամբ լցվել: Փորձում եմ այդ էմոցիան տալ բեմում ու խաղալ: Չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց հանդիսատեսը թող դատի»,-նշեց դերասանուհին՝ հավելելով.

«Շատ գոհ եմ, որ Վիլեն Սարգսյանն է իմ խաղընկերը, որովհետեւ ինձ համար նա պրոֆեսիոնալ է, ունի էներգիա, որը փոխանցում է նաեւ ինձ, որին ես պետք է պատասխանեմ: Մեր «դուետն» ինձ համար կայացել է: Նաեւ շատ ուրախ եմ, որ պարոն Դեղտրիկյանի հետ եմ աշխատում բեմում՝ թեկուզ փոքր է դրվագը, բայց դա ինձ համար մեծ պատիվ է, սովորելու շատ բան ունենք նրանից»:

Թե´ Անահիտը, թե´ Վիլենը դեռ վաղ համարեցին խոսել ներկայացումից հետո իրենց էմոցիաների մասին.

«Պետք է մի փոքր ժամանակ դեռ անցնի, որ զգանք, բայց ես շատ ուրախ եմ: Հանդիսատը հաճախ անսպասելի տեղերում էր արձագանքում, ծիծաղում, իսկ ես՝ ինքս, բեմում տարված էի իմ խաղով»,-ասում է Վիլենը, իսկ Անահիտը՝ հավելում.

«Ինձ համար պրեմիերան մի ստուգողական է, որը կամ կանցնես, կամ ոչ: Շատ բան հենց հանդիսատեսի արձագանքից է գալիս: Երբ զգում ես, որ ներկայացումն աշխատում է ու, տեղ-տեղ, հանդիսատեսը ժպտում է, էմոցիա է տալիս եւ քեզ հետ ապրում, ուրեմն՝ ամեն ինչ արդեն լավ է: Իսկ շտկումներ, թերություններ, բնականաբար, կային, որոնք վստահ եմ՝ գնալով կկոփվեն»:

Դերասանուհին բացահայտեց նաեւ, որ բեմում իմպրովիզներ էլ են եղել.

«Իհարկե, բեմում ամեն ինչ հնարավոր է, քանի որ թատրոնը կենդանի արվեստ է, ինչ էլ ստեղծվի, պետք է կարողանաս տակից դուրս գալ եւ մենք՝ երիտասարդ կազմը, դեռ շատ բան ունենք սովորելու մեծերից»:

Պրեմիերային ներկա էր նաեւ դերասանուհու ամուսինը, որը ըստ նրա՝ իր ամենամեծ քննադատն է.

«Ամենալարվածն եմ լինում, երբ նա ներկա է լինում դահլիճում: Նա իմ ամենախոշոր քննադատներից է, ու քանի որ շատ ուղղախոս է, շատ հանգիստ կարող է գալ ետնաբեմ ու ասել՝ չհավանեցի… (ծիծաղում է): Դեռ չեմ հարցրել տպավորությունների մասին, քանի որ նա երբեք փորձերին չի գալիս, միայն ինձ բեմի վրա է տեսնում, հետո նոր կիսվում կարծիքով»:

Թվում է՝ կատակերգությունների փորձերն էլ պետք է թեթեւ ու զավեշտալի անցնեն, բայց ըստ Վիլեն Սարգսյանի՝ դա բացարձակ այդպես չէ.

«Մենք լուրջ աշխատել ենք այս կատակերգության շուրջ, իմ կարծիքով՝ կատակերգություն խաղալիս, առհասարակ, պետք է շատ լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ անում ես»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի                                      



© NEWS.am STYLE