Նոյեմբերի պրեմիերաները. կինոթատրոն հաճախել արժե

20:22   31 հոկտեմբերի, 2019

«Ամեն տեսակի արատներ»

Քոլեջի պրոֆեսորը որոշում է ամբողջ թափով ապրել այն բանից հետո, երբ նրան ծանր ախտորոշում է կատարվում: Այսուհետեւ բոլոր արգելքները հանված են, իսկ գաղտնի ցանկությունները կարող են վերջապես իրականացվել:

Պրեմիերան՝ նոյեմբերի 7-ին:

«Չառլիի Հրեշտակները»

Տեսնենք՝ ռեմեյքն արդյոք հաջողվե՞լ է:

Խորհրդավոր Չառլիի գլխավորած Թաունսենդ մասնավոր դետեկտիվ գործակալությունը ամբողջ աշխարհում գրասենյակներ է բացում, եւ հիմա երկրագնդի տարբեր անկյուններում սուպերպրոֆեսիոնալ Հրեշտակների խմբերը՝ Բոսլիի ղեկավարությամբ, ապահովում են իրենց հաճախորդների անդորրն ու անվտանգությունը:

Էկրաններին կցուցադրվի նոյեմբերի 14-ին:

«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»

Քրիսթիան Բեյլը եւ Մեթ Դեյմոնը մեծ արագություն են խոստանում:

Ֆիլմը պատմում է ամերիկացի ավտոնախագծող Քերոլ Շելբիի եւ բրիտանացի խիզախ մրցարշավորդ Քեն Մայլզի փոխհարաբերությունների մասին: Նրանք միասին մարտահրավեր նետեցին կորպորացիաներին ու սեփական դեւերին, որպեսզի ստեղծեն  բացարձակապես նոր սպորտքար, որը կարողացավ Ferrari-ի հետ մրցակցել 1960-ականների կեսին Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությանը:

Կինոթատրոններում դիտեք նոյեմբերի 14-ին:

«Միդուեյ»

Ռեժիսորի բազկաթոռին է նստել Ռոլանդ Էմմերիխը, իսկ դա նշանակում է, որ մեզ համար վիպերգությունը երաշխավորված է:

Սա պատմություն է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ամենամեծածավալ ու ռազմավարական մեծ կարեւորության ծովային ճակատամարտերից մեկի մասին: 1942 թվականի հունիսին ամերիկյան նավատորմը՝ ծովակալ Չեսթեր Նիմիցի հրամանատարությամբ ճապոնացիներին հաղթել է Միդուեյ աթոլի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, որը Խաղաղօվկիանոսյան պատերազմում առանցքային պահ էր:

Պրեմիերան՝ նոյեմբերի 14-ին:

«Սառը սիրտը 2»

Կարոտե՞լ եք Let it go երգին:

Աննան, Էլզան, Քրիսթոֆը, նրա հավատարիմ եղջերու Սվենը եւ երբեք չհոգնող ձնեմարդ Օլաֆը պետք է հեռանան Էրենդել հարմարավետ թագավորությունից եւ դեպի հյուսիս ավելի հեռու ուղեւորվեն, ճանապարհորդություն, որը հասցնելու է հնագույն լեգենդների ակունքներին եւ օգնելու է բացահայտել իրենց հայրենիքի անցյալին առնչվող գաղտնիքները:

Էկրաններին կցուցադրվի նոյեմբերի 28-ին:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE