8-ամյա Միլենա Մկրտչյանը Բուլղարիայում կայացած Golden Sparkles 2019 մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղն ու վերադարձել հատուկ մրցանակով (ֆոտո)

15:32   1 նոյեմբերի, 2019

Հոկտեմբերի 18-ից 20-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել Golden Sparkles 2019 մանկական երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է 8-ամյա Միլենա Մկրտչյանը եւ հայրենիք վերադարձել երրորդ տեղով եւ հատուկ մրցանակով:

Միլենան ամենամյա մանկական երաժշտական մրցույթին մեկնել էր պրոդյուսեր Զառա Պետրոսյանի հետ: Փոքրիկ երգչուհին Հայաստանը ներկայացրել է Զառա Պետրոսյանի երաժշտությամբ եւ Էդիտա Հարությունյանի բառերով գրված I’m on Stage երգով, որի գործիքավորումը կատարել է Բրդեն, իսկ համարի բեմադրությունն արել էր Արտյոմ Գեւորգյանը: Ի դեպ, երգի հեղինակները եւս մրցանակի են արժանացել:

Պրոդյուսեր Զառա Պետրոսյանը Բուլղարիայում կայացած երաժշտական  մրցույթում Հայաստանի մասնակցության մասին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Միլենան սկսանակ երգչուհի է, մի քանի ամիս է, ինչ պարապում ենք: Նա իր առաջին քալերն է անում պրոֆեսիոնալ բեմում, եւ սա նրա մասնակցությամբ առաջին մրցույթն էր, բայց արդեն ունեցավ նման հաջողություն: Նա երգի մրցույթում ներկայացրեց մեր հեղինակած երգը՝ արժանանալով երրորդ մրցանակին: Բացի դա՝ Միլենան նաեւ ստացավ «Ամենափոքր ու խոստումնալից» երգչուհու տիտղոսը, եւ արդեն ունի հրավերներ՝ մասնակցելու մանկական միջազգային մրցույթների՝ Ուկրաինայում եւ Մակեդոնիայում»,-հպարտությամբ նշեց պրոդյուսերը, որը նույն մրցույթին ժամանակին մեկնել էր նաեւ «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցներից Միկայի հետ.

«Մրցույթը շատ հետաքրքիր էր, մասնակցում էին 12 երկիր: Մրցակցությունը շատ ուժեղ էր, որովհետեւ Բելառուսից, Ռուսատանից եւ Ուկրաինայից եկել էին բավականին փորձառու երեխաներ, որոնք հայտնի են նաեւ իրենց «Ձայնը» նախագծերից: Պետք է նշեմ, որ Միլենան տարիքով ամենափոքրն էր, բայց իր հմայքով գրավեց շատերին»,-մանրամասնեց պրոդյուսերը՝ հավելելով, որ Միլենայի հետ շարունակելու են համագործակցել՝ իրենց ուժերը փորձելով նաեւ այլ մրցույթներում:

Որպես երգահան՝ իր ստացած մրցանակը Զառան նշեց, որ կիսելու է կոլեգաների՝ Էդիտա Հարությունյանի, Բրդեի եւ Արտյոմ Գեւորգյանի հետ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Զառա Պետրոսյանը



© NEWS.am STYLE