Տիգրան Հովումյանը՝ ազգային հերոսների եւ անցյալի սխալների մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

19:45   19 հուլիսի, 2013

Հայաստանի Նկարիչների միության անգամ, քանդակագործ եւ նկարիչ Տիգրան Հովումյանը ծնվել է 1969 թվականին, Երեւանում: Նրա գործերը ցուցադրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում: Հովումյանն իր սերնդի եզակի քանդակագործներից է, ում աշխատանքները կարելի է տեսնել թանգարաններում եւ Երեւանի փողոցներում: Խոսքը, մասնավորապես, մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մասին է, ինչպես նաեւ Երեւանի պատմության թանգարանի երկու վահանակների՝ «Հայկական ժողովրդական ծեսերն ու խաղերը» եւ «Հայ-թուրքական պատերազմները. Երեւանի բերդի պաշարումը»:

Տիգրան, ինչ եք կարծում, այսօր ի՞նչ է փոխվել ժամանակակից հասարակությունում եւ ի՞նչը կցանկացայիք շտկել:

Արժեքները կտրուկ փոխվել են: Մարդն իրեն ավելի կաշկանդված է զգում, քան, ասենք, 25 տարի առաջ: Ես շատ կցանկանայի, որ հասարակությունն ավելի երիտասարդ եւ թարմ դառնար շրջապատն ընկալելու հարցում: Այսօր մեր հասարակության մեջ բացակայում է իրականության հենց այդ մաքուր, երիտասարդ ընկալումը: Իսկ մինչ այդ աշխարհը կառավարում եւ իրենց կանոններն են թելադրում տարեցները:

 

Որքանո՞վ են հայ ընտանիքներն իրենց երեխաներին ճիշտ դաստիարակում:

Ես դրական եմ վերաբերվում պատասխանատվության այն բարձր զգացողությունը, որ ունեն մեր հասարակության ծնողները, բայց դա շատ քիչ է երիտասարդ սերնդի լիարժեք դաստիարակության համար: Երրորդ հազարամյակի հայերը պետք է արմատապես տարբերվեն մյուս՝ ավելի ավագ սերնդի հայերից:

Մենք անցյալում չափազանց շատ սխալներ ենք գործել: Հարկավոր է առաջ գնալ հսկայական թռիչքներով եւ դրանում ներգրավել հնարավորինս շատ հետաքրքիր անհատների: Պատմության դասագրքերում չպետք է միայն փաստեր արձանագրվեն: Դրանցում հարկավոր է ներկայացնել, թե պատմական որ սխալներն են անդառնալի հետեւանքներ թողել, եւ ինչ կարելի էր անել՝ դրանցից խուսափելու համար:

 

Կոնկրետ ի՞նչն եք թերի համարում հայոց պատմության մատուցման մեջ:

Ինձ դուր չի գալիս փաստը, որ հայերին ներկայացնում են որպես գյուղական ծագմամբ սովորական ազգ եւ հաճախ լռում են իշխանական դինաստիաների գոյության մասին: Չգիտես ինչու, նույնիսկ ազգային տարազները ներկայացվում են որպես գյուղական եւ անհայտ է, թե ուր են կորել հայ իշխանների հին ազգային տարազներն ու պալատները:

Ո՞ւր են կորել մեր ազգային հերոսները: Ինչո՞ւ են պատմության դասագրքերում նրանց մասին այդքան քիչ խոսում: Ինչո՞ւ նրանց կերպարներն այդպես էլ մինչեւ վերջ չեն բացահայտվում: Ինչո՞ւ մենք այդքան քիչ բան գիտենք մեր սրբերի մասին, որոնց երկրպագում են անգամ Խորվաթիայում, բայց՝ ոչ այստեղ: Մենք մոռացել ենք մեր սրբերին եւ հերոսներին:

 

Հավատո՞ւմ եք Աստծուն: Ո՞վ է Ձեր Աստվածը:

Ես հավատացյալ եմ: Աստված ինձ համար գոյություն ունի ամենուր. ե՛ւ աղոթքներում, ե՛ւ ներշնչանքում, ե՛ւ իրական ու անտեսանելի աշխարհում:

Ամենամեծ մեղքը Սուտն է: Այս աշխարհում ամեն սխալ բան սկսվում է ստից: Եվ քանի դեռ այն կա, այս աշխարհը չի կարող լինել այնպիսի արարչական, ինչպիսին պետք է լիներ: Իսկ մարդկային մեծագույն առավելություններից համարում եմ սեփական անձի բացահայտումը եւ ամբողջական ինքնարտահայտումը:

 

Ի՞նչ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում սերը:

Սերը մարդուն ի վերուստ տրված ունակություն է: Այն մեզ վեր է հանում առօրյայից, գերունակություններով է օժտում:

 

Որքանո՞վ է տարբեր կնոջ կերպարն արվեստում եւ կյանքում:

Կինն արվեստում նույն տեղն է զբաղեցնում, ինչ իրական կյանքում: Աշխարհի կեսը նրան է պատկանում: Նա լիովին հավասար է տղամարդուն: Բացի ֆիզիկական կատարելությունից, կինը նաեւ բարձր գիտակցությամբ է օժտված:

 

Մտածողներից ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ: Ո՞ւմ փիլիսոփայությունն է ավելի ընդունելի ժամանակակից կյանքում:

Ինձ հոգեհարազատ է Շոպենհաուերի փիլիսոփայությունը: Ինձ դուր է գալիս նրա լավատեսությունը եւ կյանքի հանդեպ առողջ մոտեցումը, ինչը չեմ կարող ասել Նիցշեի մասին, ում գործերը ստիպում են միայն մտածել, թե որքան վատ է ամեն ինչ: Ինձ հոգեհարազատ է նաեւ Քամյուն եւ շրջապատի աբսուրդի նրա ընկալումը: Քամյուն ինձ աներեւակայելի կերպով ոգեշնչում է:

Հայաստանում կերպարվեստի նկատմամբ վերաբերմունքը շա՞տ է փոխվել:

Հայաստանում այսօր կերպարվեստը կարծես փոքր-ինչ մերժված է: Արվեստ ասելիս ավելի շատ հասկանում են երաժշտություն, կատարողներ, դիրիժորներ: Կերպարվեստը գրեթե չեն քարոզում: Կարելի էր հեռուստատեսությամբ վարպետության դասեր անցկացնել, որպեսզի մարդիկ տեսնեին, թե ինչ հրաշալի է կերպարվեստի աշխարհը: Ես շատ կցանկանայի, որ Երեւանը նորից դառնար մեծագույն վարպետների՝ դերասանների, երգիչների, նկարիչների քաղաք, ինչպիսին միշտ եղել է:

Ինչպիսի՞ն էր Ձեր մանկության Երեւանը:

Իմ մանկության Երեւանն անհոգ էր, թեթեւ, բարի դեմքերով լի: Դա զարմանալի բան էր: Չգիտեմ, թե ինչպես են այսօր Երեւանն ընկալում երեխաները: Իսկ այն ժամանակ ինձ համար նույնիսկ արեւն էր այլ կերպ շողում, քաղաքը կարծես ավելի վառ էր:

Ի՞նչ երաժշտություն եք սիրում:

Ամենատարբեր. դասական, ռոք… Ամեն ժանր իր տեղն ունի: Դասականներից նախընտրում եմ Բախ, բայց միաժամանակ մեծ հաճույքով կարող եմ լսել Սթիվի Վանդերի, Ռեյ Չարլզի, Բոբի ՄաքՖերինի, Սթինգի, Deep Purple-ի երաժշտությունը:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը

Լուսանկարները տրամադրել է Տիգրան Հովումյանը



© NEWS.am STYLE