«Փառատոնը դարձել է մեր հանրապետության այցեքարտերից մեկը». Yerevan Jazz Fest 2019-ի փակման համերգն ու միջոցառման հատուկ հյուրերը (ֆոտո/վիդեո)

11:25   2 նոյեմբերի, 2019

Երեւանում երեկ` նոյեմբերի 1-ին, ավարտվեց ամենամյա ջազի մեկամսյակը` Yerevan Jazz Fest 2019-ը: Փառատոնը եզրափակվեց Վահագն Հայրապետյան եւ ընկերներ բենդի համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան նաեւ Նյու Յուրքից ժամանած հայտնի երաժիշտներ Ջոն Մարշալը, Հրանթ Ստյուարտը եւ Լյուսի Եղիազարյանը: Համերգին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Վահագն Հայրապետյանն անդրադառնալով արդեն հինգերորդ տարին Երեւանում անցկացված ջազ-փառատոնին՝ ոգեւորությամբ նկատեց, որ այս տարիների ընթացքում միջոցառմանը հաջողվել է գրավել ոչ միայն հայ ունկնդիրների, այլեւ զբոսաշրջիկների ուշադրությունը:

«Այս տարի շատ զբոսաշրջիկներ նկատեցի համերգներին: Հայկական ջազի ասոցիացիան արդեն մեծ փորձ ունի այս ֆեստի կազմակերպման հարցում, ինչն էլ այս տարվա առավելություններից է: Ամենակարեւորն այն է, որ սա շարունակական բնույթ է կրելու ու փառատոնի կարեւորագույն կետերից է նաեւ այն, որ մենք դրանով երկիր ենք ներկայացնում. այն դարձել է մեր հանրապետության այցեքարտերից մեկը»:

Երաժիշտի խոսքով՝ այն հայտնի արտիստները, որոնք ամեն տարի Yerevan Jazz Fest-ի հրավերով գալիս են Հայաստան, մեր երկիրն ամբողջ աշխարհում ավելի ճանաչելի են դարձնում իրենց ներկայությամբ.

«Նրանց շնորհիվ շատերն են լսում Հայաստանի մասին: Փառատոնի շրջանակում ունենում ենք նաեւ նոր անուններ»,-ասում է նա ու հավելում,- «Ջազ երգելը բարդ է, երգիչները հաճախ շեշտադրությունը դնում են փայլուն երգեցողության վրա, բայց ջազը պետք է զգալ: Այս երաժշտությունը պետք է սիրես, որ կարողանաս երգել, ոչ, թե պետք է քեզ սիրես երաժշտության մեջ... Պիտի այնքան սիրես, որ հետաքրքրվես, ուսումնասիրես, լսես, զարգանաս եւ ինքդ քեզ վրա աշխատես»:

Yerevan Jazz Fest-ն այս տարի հատուկ հյուրերի ցանկում ունեցավ այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Սթենլի Քլարքը, Ագաթա Իրակեման, Ջոն Մարշալը, Հրանթ Ստյուարտը եւ Նյու Յորքում հայտնի հայ երգչուհի Լյուսի Եղիազարյանը: Վերջինը համերգից առաջ հուզված էր, բայց NEWS.am STYLE-ի հետ սիրով կիսվեց իր զգացողություններով.

«Ինչպես միշտ` մի քիչ հուզվում եմ, բայց երբ փորձ ես ունենում, դա օգնում է հաղթահարել հուզմունքը: Առաջին անգամ եմ Yerevan Jazz Fest-ին մասնակցում, բայց պետական նվագախմբի հետ աշխատելու փորձ ունեմ»,-ասում է ու հավելում, որ վերջին տարիներին Հայաստանում ջազի հանդեպ ուշադրության ավելացումն ակնհայտ է.

«Երեւանում ջազ ասպարեզում առաջընթաց եմ տեսնում, հատկապես, եթե համեմատենք 5 տարի առաջվա հետ: Կարծում եմ` Վահագն Հայրապետյանն էլ այս հարցում իր ներդրումն ունի: Շատ կարեւոր է նվագել լավ երաժիշտի հետ: Այդ ամենը հասկանալով` նա, ինչպես տեսնում եմ, այստեղ է փորձում հրավիրել նաեւ Նյու Յորքից հայտնի երաժիշտների, որպեսզի նրանք էլ կիսվեն իրենց փորձով»:

Երգչուհին նշում է՝ նախընտրում է 50-60-ական թ-երին հատուկ ջազը: Համերգին էլ ներկայացրեց հենց այդ ոճի ստեղծագործություններ, ու թեեւ երգեցողության մեջ չկան հայկական էլեմենտներ, խոստովանում է՝ հայկական երաժշտությունն, առհասարակ, իր վրա մեծ ազդեցություն է ունեցել:

Հայաստանում Լյուսին առաջին անգամ է սիրելիի՝ երաժիշտ Հրանթ Ստյուարտի հետ:

«Նա շատ է հավանել Հայաստանը:  Առհասարակ, Հրանթը շատ երկրներում է եղել, շատ բան է տեսել, բայց ասում է` Երեւանն իր համար յուրահատուկ է, հատկապես տպավորված է նրանից, որ մենք խորապես պահպանել ենք մեր արմատները»:

Ի դեպ, Yerevan Jazz Fest 2019-ի փակման արարողությունը տպավորիչ դարձավ ոչ միայն վերը նշված երաժիշտների ելույթներով, այլեւ ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ, որի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE