Գիտեի՞ք․ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը»․ 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:22   3 նոյեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հետաքրքիր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Քրիս Կոլամբուսի կախարդական՝ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի մասին է (2001թ․)։ Եվ այսպես՝

1․Ջ․ Ք. Ռոուլինգը 1999 թվականին Հարրի Փոթերի արկածների առաջին չորս գրքերի հիման վրա ֆիլմերի ստեղծման իրավունքը վաճառել է մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ համեստ գումարով (այն ժամանակ 1,5 միլիոն դոլարից մի փոքր ավելի): Կարեւորն այն էր, որ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն կինը յուրաքանչյուր ֆիլմից ստացված հասույթից կստանար որոշակի գումար։ Ինչպես նաեւ Ռոուլինգը նախապայման էր դրել՝ ֆիլմերում նկարահանվող բոլոր դերասանները պետք է բրիտանացիներ լինեն։

2․Սկզբնապես ֆիլմի ռեժիսորի պաշտոնի գլխավոր թեկնածուն Սթիվեն Սփիլբերգն էր: Նրա հետ բանակցությունները տեւել են մի քանի ամիս, եւ 2000թ․-ի փետրվարին ավարտվել են նրա մերժմամբ։ Սթիվեն Սփիլբերգը որպես հիմնական տարբերակ դիտարկել է անիմացիոն ժապավենի ստեղծումը, որտեղ գլխավոր հերոսի ձայնը կլիներ Հեյլի Ջոել Օսմենթը։ Այս տարբերակը դուր չի եկել, ոչ կինոստուդիային, ոչ էլ գրքի հեղինակին։

3․2000 թվականի մարտի 28-ին հայտարարվեց, որ ռեժիսորական աթոռը բաժին է հասել Քրիս Կոլամբուսին։ Կինոստուդիայի ընտրության հարցում վճռորոշ դեր է խաղացել երիտասարդ դերասանների հետ ռեժիսորի ունեցած աշխատանքային մեծ փորձը եւ նրա նախորդ՝ «Տանը միայնակ» (1990թ․) եւ «Միսիս Դաութֆայր» (1993թ․) ընտանեկան ֆիլմերի հաջողությունը: Մյուս կողմից, Քրիս Քոլամբուսի համաձայնության հիմնական պատճառներից մեկը նրա դստեր` գրքի մեծ երկրպագուհու անխոնջ խնդրանքներն էին։

4․Սեւերուս Սնեյփի դերի գլխավոր թեկնածուն երկար ժամանակ Թիմ Ռոթն էր, որը ծագումով բրիտանացի էր, սակայն 1990 թվականից ապրում էր Ամերիկայում։ Թիմ Ռոթը մերժել է առաջարկը ՝ նախապատվությունը տալով Թիմ Բերթոնի «Կապիկների մոլորակ»-ին, որից հետո դերը բաժին է հասել Ալան Ռիքմանին, որի հրավերն արժանացել է անձամբ Ջ.Կ․Ռիքմանի հավանությանը։

5․Ռիչարդ Հարիսը սկզբում մերժել է իրեն առաջարկված պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի դերը։ Վերանայել որոշումը եւ համաձայնել առաջարկին ստիպել է տասնմեկամյա թոռնուհին, որը սպառնացել է հրաժարվելու դեպքում երբեք չխոսել իր հետ:

6․Ֆիլմի տեսարաններից մեկում, երբ Հարրին, Ռոնն ու Հերմիոնը մոտենում են Հագրիդի խրճիթին, նա նվագում է ինքնաշեն սրինգ։ Այդ պահին նա նվագում է «Hedwig`s Theme»-ը, որը ֆիլմի սաունդթրեքից է։

7․Այս եւ մնացած այլ ֆիլմերում, որպես Հոգվարտյան ճեպընթաց օգտագործվել է GWR 4900 Class 5972 Olton Hall գնացքը, որը ժամանակին պատկանել է Great Western Railway ընկերությանն ու կառուցվել է 1937թ․-ին։ 2004 թվականից Beyond Boundaries Travel մասնավոր զբոսաշրջային ընկերությունը Մեծ Բրիտանիայում կազմակերպում է շրջագայություններ՝ բացառապես Հարի Փոթերի երկրպագուների համար:

8․Դերասանը, որը Քինգս-Քրոս կայարանում կերտել է հերթապահի կերպարը, ումից Հարրին օգնություն է խնդրում, իրականում աշխատում է բրիտանական երկաթուղում։ Սակայն մեկ այլ պաշտոնում․ նա գնացքի պետ է:

9․Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը երաժշտական ստեղծագործություն է գրել հատուկ ֆիլմի թրեյլերի համար։ Հետագայում «The Prologue» անվանումով այն ներառվել է ֆիլմի սաունդթրեքի մեջ, ինչն ինքնին շատ հազվադեպ է պատահում։

10․ԱՄՆ-ում ֆիլմը դարձել է տարվա ամենաշահութաբեր ֆիլմը, որն իր վարձույթի ամբողջ ընթացքում հավաքելով 317 575 550 դոլար եւ այդ նույն ձեռքբերումը կրկնել է միջազգային վարձույթում՝ վաստակելով 658,9 միլիոն դոլար: Համաշխարհային վարձույթի արդյունքներով ֆիլմը ողջ պատմության մեջ երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 976,5 միլիոն դոլար գումարով։ Այդ ժամանակահատվածում այն զիջում էր միայն Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմին:

11․Կախարդական հայելու վրա գրված է. «Erised stra ehru oyt ube cafru oyt on wohsi»: Եթե այն կարդանք հակառակ, ապա կստացվի․ «I show not your face but your heart`s desire», ինչը նշանակում է․ «Ես ցույց եմ տալիս ոչ թե ձեր դեմքը, այլ ձեր ամենատենչալի ցանկությունը»։

 

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE