Ինչպես հաղթահարել գիշերն ուտելու ցանկությունը

13:23   10 նոյեմբերի, 2019

Երկար ժամանակ համարվում էր, որ քնելուց առաջ ուտել չի կարելի, քանի որ քնի ընթացքում օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են եւ ստամոքսը չի կարող նորմալ մարսել սնունդը: Սակայն այսօր գիտնականներն այլ կարծիքի են. իրականում սնունդը նորմալ է մարսվում, սակայն հագեցվածության զգացողությունն ավելի ուշ է առաջանում, քան օրվա ցերեկային ժամերին, ինչն էլ հանգեցնում է չափից շատ ուտելուն եւ ավելորդ քաշ հավաքելուն:

Հաճախ գիշերն ուտելու պատճառ է դառնում հոգեկան վիճակը: Շատերը ցերեկն աշխատում կամ սովորում են, իսկ երեկոյան՝ հանգստանում եւ թուլանում: Այդ պատճառով մութն ընկնելուն պես դժվար է դառնում վերահսկել ախորժակը:

Չափից շատ ուտելու պատճառ կարող են դառնա նաեւ սթրեսն ու դեպրեսիան: Հոգեկան նման խանգարումների դեպքում մարդիկ հաճախ ցերեկն ախորժակ չեն ունենում, փոխարենը գիշերային ժամերին այն վերադառնում է:

Ինչպե՞ս խուսափել գիշերը շատ ուտելուց:      

Երբեմն մարդը սննդի կարիք չի ունենում, բայց օրգանիզմը հեղուկ է պահանջում: Այդ պատճառով շատերը շփոթում են քաղցի եւ ծարավի զգացողությունը: Երբեմն գիշերը քաղցը հագեցնելու համար բավարար է մեկ գավաթ եռացրած ջուր խմել: Կարելի է նաեւ տաք կաթ կամ անյուղ կեֆիր խմել:

Եթե օրվա ընթացքում քիչ եք սնվում, պետք չէ տանջել ստամոքսը: Կարելի է բանջարեղենով, հատիկային հացով սենդվիչ կամ շիլա ուտել: Բայց հետեւեք, որ դա սովորություն չդառնա:

Ձգտեք, որպեսզի երեկոյան աչքի առաջ ոչ մի համեղ եւ գայթակղիչ բան չլինի, թաքցրեք բոլոր կոնֆետներն ու թխվածքները:

Քնելուց առաջ մաքրեք ատամները. դա օրգամիզմին ազդակ կհաղորդի, որ ուտել այլեւս չի կարելի եւ հանգստի պատրաստվելու ժամանակն է:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE