Exclusive! Jay Kay. «Ալբոմների թողարկման միջեւ ժամանակահատվածները երկար են, քանի որ շատ ենք շրջագայում»

15:07   6 նոյեմբերի, 2019

Silk Note երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւան է ժամանել բրիտանական Jamiroquai խումբը։ Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ վերջին երկու օրերի ընթացքում խմբի մենակատար Jay Kay-ը եւ նրա երաժիշտները շրջել են քաղաքում։ Հասցրել են լինել Գառնիում, քոչարի պարել։

Jay Kay-ը բավական կարճ շփվեց լրագրողների հետ՝ խոստովանելով, որ իրեն այստեղ լավ է զգում։ «Մթնոլորտը դուր է գալիս, եւ ուտելիքը հիանալի է»,- ասաց նա։ Ի դեպ, խմբի համերգի ընթացքում կհնչեն ինչպես նախորդ տարիների կոմպոզիցիաներ, այնպես էլ վերջին՝ «Automation» ալբոմի հիթերը, որը ձայնագրվել է 2017թ.-ին։ Մինչ այդ՝ 2010թ.-ին՝ թողարկվել է «Rock Dust Light Star»-ը։

NEWS.am STYLE-ի լրագրողի հարցին՝ ինչու են ալբոմները թողարկվում այդքան երկար ժամանակամիջոցում, Jay Kay-ը պատասխանեց. «Մենք շատ ենք շրջագայում»... Շրջագայություններն, իսկապես շատ են։ Ընդամենը մի քանի օր առաջ Jamiroquai-ը համերգով հանդես է եկել Բիլբաոյում։ Եվ ահա հաջորդ կանգառը Երեւանն է։

Կազմակերպիչները համաշխարհային մակարդակի շոու են խոստանում, որին պատրաստվել են հանգամանորեն։ Այնպես որ, այսօր ջազ-ֆանկի եւ acid-ջազի սիրահարներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լավ հնչողություն, հատուկ էֆեկտներ, եւ իհարկե, ցնցող երաժշտություն է սպասվում Jamiroquai-ի կատարմամբ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE