«Էնրիկե Իգլեսիասը, միգուցե, մյուս տարի համերգ ունենա Երեւանում». երգչի եղբոր` Խորխե Իգլեսիասի մեկնաբանությունը թեմայի շուրջ

14:53   6 նոյեմբերի, 2019

Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը 2020 թ-ին հնարավոր է`համերգով այցելի Հայաստան: Այս մասին այսօր NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` հայտարարեց երգչի ավագ եղբայրը` պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, որը երեկ է ժամանել Հայաստան` մասնակցելու նոյեմբերի 6-10-ը Երեւանում կայանալիք Silk Note երաժշտական փառատոնին:

«Մենք արդեն խոսել ենք Էնրիկեի հետ, նրան շատ է հետաքրքրել այս նախագիծը: Հիմա դիտարկում ենք նրա մյուս տարվա շրջագայությունների շարքը, որպեսզի հասկանանք` երբ հնարավոր կլինի կազմակերպել նրա այցը: Իհարկե, մեզ նաեւ անհրաժեշտ է մամուլի եւ հասարակության աջակցությունը, որպեսզի դա հնարավոր դարձնենք, բայց շատ հավանական է, որ նա այցելի հաջորդ տարի»,- նշել է պրոդյուսերը` անդրադառնալով նաեւ Silk Note-ի այս տարվա հատուկ հյուրերից` Jamiroqui-ի խմբի` Հայաստանից ստացած տպավորություններին.

«Երբ դեռ նոր էինք սկսել բանակցել Jamiroquai-ի հետ, իրենք սկզբում մի փոքր զգուշավորություն ցուցաբերեցին, այնուհետեւ որոշ ուսումնասիրություններ կատարելով` հետաքրքրություն ունեցան լինել այստեղ: Հիմա արդեն հասցրել են զգալ, թե ինչ հրաշալի երկիր է Հայաստանը ու մարդիկ ինչքան բարյացկամ են այստեղ: Ջեյ Քեյին այնքան է դուր եկել Երեւանում, որ ուզում է եւս մեկ շաբաթ մնալ: Առաջին քայլը, ճիշտ է, մենք արեցինք, բայց երբ նա հասավ այստեղ, կազմակերպիչներն այնպես նրան դիմավորեցին, որ նա շատ հավանեց ամեն ինչ»:

Ինչ վերաբերում է Խորխե Իգլեսիասին` վերջին 8 տարիների ընթացքում պրոդյուսերը հաճախ է լինում Հայաստանում: Berin Iglesias Art միջոցառումներ կազմակերպող ընկերությունը, որի համասեփականատերն է նա, հասցրել է նաեւ աշխատել Շառլ Ազնավուրի հետ: Լեգենդար շանսոնյեն Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել ընկերության համահիմնադիրերի շրջանում, որոնք այնքան են սիրել Հայաստանը, որ այստեղ եւս որոշել են բացել Berin Iglesias Art-ի մասնաճյուղ: Ինչպես նշում է Իգլեսիասը` իրենք նպատակ ունեն Հայաստանը դարձնել միջազգային մշակութային կենտրոն` մշակութային կապող օղակ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE