Նոր դռներ՝ դեպի համաշխարհայն շոու-բիզնես. Silk Note Festival-ի կազմակերպիչները անմոռանալի 4 օր են խոստանում Երեւանում (ֆոտո)

16:30   6 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 6-10-ը Երեւանը դառնալու է, իսկական, մետաքսե երաժշտաուղի, ոչ միայն հայերի, այլեւ այստեղ ժամանած զբոսաշրջիկների համար: Silk Note երաժշտական փառատոնը, որը Երեւան է բերել այնպիսի արտիստների, ինչպիսիք են՝ բրիտանական հայտնի Jamiroquai խումբը, The Parov Stelar Band-ն ու Ալ Դի Մեոլան, այսօրվանից մեկնարկում է իր ընթացքը: Ընդ որում, կազմակերպիչները խոստանում են՝ արտիստների երեւանյան համերգները ոչնչով չեն զիջելու նրանց՝ դրսում կայացած համերգներին:

«Սրանք, պարզապես, համերգներ չեն: Փառատոնը նպատակ ունի Հայաստան ներգրավել նաեւ շատ զբոսաշրջիկների եւ մեր երկիրը նրանց համար էլ ավելի հետաքրքիր դարձնել: Փառատոնի նպատակներից է զարգացնել մշակութային կյանքը Հայաստանում: Կհնչի տարբեր ոճի երաժշտություն, բայց մենք ներկայացնելու ենք ամենաճանաչված արտիստներին: Այս 4 օրերի ընթացքում Երեւանը դառնալու է հետաքրքիր եւ էմոցիոնալ մի վայր, որտեղ մարդիկ ոչ միայն կվայելեն համերգները, այլեւ կտեսնեն մեր տեսարժան վայրերը»,-այսօր՝ նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Silk Note Festival-ի տնօրեն Արազ Բաղդասարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն էլ հավելեց, որ փառատոնի առաջնայն նպատակներից է ոչ միայն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը, այլեւ մարզերը մշակութային կյանքի մի մասնիկը դարձնելը: Հենց այդ նպատակով էլ Silk Note-ի շրջանակում կազմակերպված համերգներից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանի մարզերում մշակութային կենտրոնների ստեղծմանը:

Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի խոսքով՝ փառատոնի համար հատուկ է ընտրվել նոյեմբեր ամիսը, քանի որ այս շրջանում զբոսաշրջիկների հոսքն ավելի պասիվ է, իսկ իրենք նպատակ ունեն զբոսաշրջությունն ակտիվ պահել նաեւ աշնանը:

«Հատուկ ընտրվել են այնպիսի արտիստներ, որոնց երկար տարիներ ենք սպասել Հայաստանում, ուրախ ենք, որ այսօր արդեն իրականություն կդառնա Jamiroquai-ի խմբի համերգը: Ի դեպ, խմբի անդամներն արդեն հասցրել են ծանոթանալ Հայաստանին, հայկական մշակույթին, պարերին, խոհանոցին եւ, նույնիսկ, ցանկություն են հայտնել ավելի երկար մնալ Հայաստանում»,-ուրախությամբ նկատեց նա:

Silk Note-ի շրջանակում Հայաստան են ժամանել ոչ միայն հայտնի արտիստներ, այլեւ շոու-բիզնեսի ոլորտում հայտնի գործիչներ, այդ թվում՝ աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասի եղբայրը՝ պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, որը հանդիսանում է փառատոնի գործընկեր Berin Iglesias Art ընկերության համասեփականատերը, ինչպես նաեւ՝ նույն ընկերության նախագահ Մաքսիմ Բերինը: Վերջինը ուրախությամբ հայնտեց, որ ավելի քան 15 տարի միջազգային իվենթներ կազմակերպող ընկերությունն այսուհետ գործելու է նաեւ Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանի հանդեպ իրենց հետաքրքրությունը պայմանավորված է վերջին 8 տարիների ընթացքում Երեւան կատարած հաճախակի այցերով եւ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ ծանոթությամբ.

«Մեզ բախտ է վիճակվել աշխատել նաեւ Շառլ Ազնավուրի հետ, որը շատ բաներ է պատմել Հայաստանի մասին: Շատ ուրախ են, որ այսօր էլ այստեղ ենք: Կարծում եմ՝ այս 4 օրերը շատ հետաքրքիր են անցնելու: Հաճելի է, որ մեր գործընկերները եւս նպաստում են Հայաստանում այս փառատոնի կայացմանը: Այս ֆեստը Հայաստանի առաջ նոր դռներ է բացելու դեպի համաշխարհային շոու-բիզնես: Այստեղ փորձելու ենք բերել ոչ միայն հայտնի արտիստների, այլեւ սպասված ցուցահանդեսներ, ներկայացումներ, օպերաներ եւ մշակութային այլ իրադարձություններ»,-խոստացավ նա:

Խորխե Իգլեսիասը եւս համաձայնեց՝ Silk Note-ը հրաշալի հարթակ է՝ միջազգային արտիստներին Հայաստան բերելու համար:

«Մեր նպատակն է ձեր հրաշալի երկրի միջոցով Եվրոպայի եւ Ասիայի միջեւ մշակութային հարթակ ստեղծել: Այս առաջին միջոցառումն այդ ամենի սկիզբն է. դեռ շատ արտիստներ են հանդես գալու այստեղ: Ուրախ ենք, որ մեր ընկերությունն այսուհետ գործելու է նաեւ Հայաստանում: Դա խոսում է այն մասին, որ մենք կարծում ենք՝ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի նման մշակութային միջոցառումներ հյուրընկալելու համար»,-իր խոսքում նշեց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Խորխե Իգլեսիասը NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ 2020 թ-ին Հայաստանում համերգով, միգուցե, հանդես գա նաեւ իր աշխարհահռչակ եղբայրը՝ Էնրիկե Իգլեսիասը:

«Մենք արդեն խոսել ենք Էնրիկեի հետ, նրան շատ է հետաքրքրել այս նախագիծը: Հիմա դիտարկում ենք նրա մյուս տարվա շրջագայությունների ցանկը, որպեսզի հասկանանք` երբ հնարավոր կլինի այդ ամենն իրագործել: Իհարկե, մեզ նաեւ անհրաժեշտ է մամուլի եւ հասարակության աջակցությունը, որպեսզի նրա այցը կարողանանք կազմակերպել, բայց շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա հաջորդ տարի»,-նշել է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE