Աբել Աբելյան. «Ես փոքրիկ մարդուկի իշխանության ներքո եմ, ով երջանկացնում է իմ կյանքը»

17:19   21 հուլիսի, 2013

Դերասան Աբել Աբելյանը, ով վերջերս հայր դարձավ, Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ դերասանական «Casting school» ստուդիայի հիմնադիրն է: NEWS.am STYLE-ը որոշեց մանրամասներ ճշտել:

Պատմեք Ձեր «Casting school» դերասանական ստուդիայի մասին:

Մեր ստուդիան գոյություն ունի շուրջ 6 տարի, եւ այդ կարճ ժամանակահատվածում մենք արդեն որոշակի արդյունքների ենք հասել: Մասնագետներ ենք պատրաստում հեռուստատեսությունում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներում աշխատելու համար:

Նոր նախագծեր ունե՞ք:

Շուտով նոր բաժին կբացենք, որտեղ ուսանողները սովորելու են միաժամանակ օպերատորություն, մոնտաժ եւ հեռուստառեժիսուրա: Սա Հայաստանի համար նոր նախագիծ է: Այս կուրսի տեւողությունը մեկ տարի է, ինչից հետո ուսանողները դիպլոմ կստանան: Ուսուցումն անցկացվելու է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Կուրսն ավարտելուց հետո շրջանավարտներն ամբողջությամբ պատրաստ կլինեն հեռուստատեսությունում աշխատել նորագույն տեխնիկայով:

Մենք գիտենք, որ շատերը կարող են քննադատել այս նախագիծը, պնդել, որ անհնար է այդքան կարճ ժամանակահատվածում միանգամից երեք մասնագիտություն ձեռք բերել: Բայց մենք պատրաստ ենք բոլորին ապացուցել, որ այդ մեր ուժերի սահմաններում է, եւ որ մեր ուսանողները կդառնան բարձրորակ մասնագետներ: Ի դեպ, տեղերը սահմանափակ են, որովհետեւ մենք շեշտը դնում ենք որակի վրա:

Ի՞նչ կասեք դերասանական կարիերայի մասին: Շարունակելո՞ւ եք նկարահանվել:

Այո, իհարկե: Իմ հիմնական մասնագիտությունը դերասանական արվեստն է: Անցյալ տարի ես նկարահանվեցի ռուսական «Рен» հեռուստաալիքի «Стрелок» սերիալում: Հիմա նույնպես, եթե լավ առաջարկներ լինեն, հաճույքով կնկարահանվեմ ֆիլմերում:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեր որդու՝ Էրիկի ծննդյան առիթով: Իսկ հասցնո՞ւմ եք ե՛ւ աշխատել, ե՛ւ երեխայի հետ ժամանակ անցկացնել:

Այդ շատ դժվար է, բայց առայժմ հասցնում եմ:

Շատ ծնողներ երեխայի ծնվելուց առաջ դատարկում են բոլոր խանութները: Դուք նույնպես ամեն ինչ գնո՞ւմ էիք:

Ես եւ կինս նույնպես գնումների սիրահար ենք: Անընդհատ որոշում էինք, թե ինչ ենք գնելու մեր որդու համար: Բայց իմ զարմիկն Ամերիկայից այնքան խաղալիք, մանկական հագուստ եւ այլ պարագաներ ուղարկեց, որ մեր փոքրիկին դեռ մեկ տարի բավական է:

Իսկ հայր դառնալուց հետո Ձեր կյանքը փոխվե՞լ է:

Իմ կյանքը կտրուկ փոխվել է, այն դարձել է անկանխատեսելի եւ նույնիսկ էքստրեմալ: Նախկինում ես ճշտապահ էի, բայց երեխայի ծնվելուց հետո կորցրել եմ բնավորությանս այդ գիծը: Հիմա ես իմ ժամանակի տերը չեմ: Ես փոքրիկ մարդուկի իշխանության ներքո եմ, ով երջանկացնում է իմ կյանքը:

Ռուզաննա Մանուկյան



© NEWS.am STYLE