Պե՞տք է ծակել երեխայի ականջները, թե՝ ոչ. կողմ եւ դեմ

19:18   21 հուլիսի, 2013

Մայրերի մեծ մասը, ովքեր պատրաստվում են իրենց դուստրերի ականջները ծակել մինչեւ 3 տարեկանը, վստահ են. ատրճանակի օգնությամբ արագ է, հարմար, անցավ, նաեւ առանց հետեւանքների: Սակայն իրականում պիրսինգի համար նախատեսված ատրճանակը մի քանի թերություն ունի: Մանրամասների մասին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

«Ատրճանակով ծակելն արագ է, այդ պատճառով առանց ցավի: Բայց եթե որոշել եք ծակել ձեր փոքրիկի, հատկապես՝ մեկ տարեկան դստեր ականջները, կարեւոր է իմանալ պիրսինգի համար նախատեսված ատրճանակի գործողության սկզբունքը: Մեխ-ականջօղը ծակելու ժամանակ մտնում է ականջը եւ միանգամից փակվում: Ականջօղի ծայրը կլորացված է, որպեսզի ականջի մաշկը կքերծի: Ականջը ծակվում է արագ եւ կտրուկ հարվածի հետեւանքով, արդյունքում ականջի բլթակի մաշկը պայթում է: Նման կոպիտ միջամտությունը մնայուն սպիի առաջացման պատճառ կարող է դառնալ:

Ատրճանակի եւս մեկ թերություն է արագ եւ բարձր ձայնը, որը կարող է վախեցնել երեխային: Բացի այդ, տարբեր մարդկանց մոտ ցավի սահմանը տարբեր է, եւ դուք նախապես չեք կարող իմանալ, թե ձեր փոքրիկն ինչպես կարձագանքի նման սթրեսին:

Ուշադրություն դարձրեք նաեւ այն հանգամանքին, որ ատրճանակը միայն մեխ-ականջօղ է հագցնում: Առաջին պիրսինգի դեպքում այդ ձեւը ցանկալի չէ, քանի որ մեխն ամուր կպչում է ականջին՝ երկու կողմից փակելով անցքը: Այդ պատճառով հականեխիչ լուծույթը, որ հիգիենայի համար ծակելուց հետո որոշ ժամանակ պետք է քսել ականջի բլթակին, ոչ միշտ է հասնում մինչեւ ծակած հատվածին: Դրա հետեւանքով նեխման, կարմրելու եւ այլ վտանգներ են առաջանում: Օղակի տեսքով ականջօղերը երեխաների համար լավագույն լուծումն են: Դրանք կարող եք անցկացնել միայն ասեղով ծակելու դեպքում, իսկ այդ կերպ կարելի է ծակել միայն ավելի մեծ երեխաների ականջները:

Որոշ կարծրատիպեր մնացել են մեր մայրերից եւ տատիկներից: Նրանք պնդում են, որ ականջը ծակելուց հետո բլթակը պետք է սպիրտ պարունակող լուծույթով շփել եւ ականջօղը հետ ու առաջ տանել: Սակայն ծակելուց հետո սկզբնական շրջանում ընդհանրապես պետք չէ ձեռք տալ ականջօղին, քանի որ անընդհատ միջամտության դեպքում վերքի վերականգնման պրոցեսը դանդաղում է:

Երկրորդ կարեւոր հանգամանքը. սպիրտ պարունակող հեղուկ ականջը ծակելու համար պետք չէ օգտագործել: Ավելի լավ է գործածեք «Միրամիստին», «Քլորհեքսիդին», ջրածնի պերօքսիդ, բայց ոչ սպիրտ կամ օղի: Վաղ տարիքում ծակե՞լ երեխայի ականջները, թե՝ ոչ, որոշում են ծնողները: Բայց ավելի լավ է մի քանի տարի սպասեք՝ այդ որոշումը կայացնելու իրավունքը թողնելով ձեր դստերը»:



© NEWS.am STYLE