Parov Stelar բենդի երեւանյան առաջին «խենթ» համերգն ու խմբի անդամների ցանկությունը` մեկնելուց առաջ (ֆոտո/վիդեո)

12:08   9 նոյեմբերի, 2019

Silk Note փառատոնը շարունակում է իր «մետաքսե» երաժշտաուղին, որի երեկվա հերոսները ավստրիական հայտնի Parov Stelar բենդի անդամներն էին: Խումբը Հայաստան էր ժամանել վաղ առավոտյան. ինչպես իրենք նշեցին` հասցրել էին միայն քնել, փորձեր անել, ճաշել ու «վազել» համերգի: Իսկ մինչ նրանք այդ ամենը կհասցնեին անել` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի միջանցքում, իսկական, դիսկոտեկ էր` շնորհիվ դիջեյներ Yuzza-ի եւ Beatman-ի: Նրանք մոտ երկու ժամ իրենց բիթերով թեժացրին հավաքվածների տրամադրությունը, որից հետո pre party-ն շարունակվեց համերգասրահի դահլիճում` այս անգամ դիջեյներ Henna Onna-ի եւ Arik K-ի «թեթեւ ձեռքով»:

Parov Stelar բենդը բեմահարթակ բարձրացավ ուղիղ ժամը 22:00-ին, եւ չնայած հանդիսատեսը մարզահամերգային համալիրում էր ժամը 19:00-ից` խմբի հիթային կատարումները չթողեցին հոգնել հավաքվածերից ոչ մեկին` էլ ավելի բարձրացնելով պարահրապարակում տիրող տրամադրությունը:

Խումբը բեմում մնաց մոտ երկու ժամ, իսկ համերգային ծրագրի մեկնարկը տվեց Don’t You Forget հայտնի հիթով:

«Առաջին անգամ ենք Հայաստանում ու շատ շնորհակալ ենք նման ջերմ ընդունելության համար»,-առաջին կատարումից հետո նշեց խմբի մեներգչուհի Ելենա Կարաիզին, որից հետո իր էներգետիկայով եւ խենթ պարերով վարակեց նաեւ երկրպագուներին, որոնք ոգեւորությամբ ձայնակցում էին արտիստներին եւ պարում նրանց հավասար:

Համերգի ընթացքում խմբի անդամներն ափսոսանք հայտնեցին, որ ստիպված են լինելու շուտով մեկնել, բայց մինչ այդ փորձելու են հնարավորիս շատ զբոսնել Երեւանով.

«Մենք շատ-շատ վաղ առավոտյան ժամանել ենք Ավստրիայից: Ժամանելուց անմիջապես հետո հասցրել ենք մի քիչ քնել, հետո եկել ենք փորձի, որից հետո ճաշել եւ միացել ձեզ` այս համերգին: Բայց դեռ ժամանակ ունենք. այսօր գիշերն ենք մեկնելու, այնպես որ` հույս ունենք շոուից անմիջապես հետո դուրս գալ եւ տեսնել ձեր հրաշալի քաղաքը: Ուզում ենք տեսնել հնարավորինս շատ հայկական խորհրդանիշներ, հանդիպել շատ հայերի»,-նշեցին նրանք` առաջարկելով պահպանել ոգեւորվածությունը ողջ համերգի ընթացքում, ինչը երկրպագուները հաճույքով կատարեցին: Խմբի համերգն ավարտվեց կեսգիշերին`դառնալով օրվա հիթային եզրափակումը:

Parov Stelar բենդը աշխատել է շատ հայտնիների հետ, որոնց թվում են` Լանա Դել Ռեյը եւ Լեդի Գագան: 2019 թ-ի ապրիլից խմբի կազմում փոփոխություն տեղի ունեցավ: Նրանց` երկար տարիների մենակատար Քլեո Փանթերը հայտարարեց խումբը լքելու մասին, որից հետո բենդի կազմը համալրեց Ելենա Կարաիզին:

Silk Note-ի շրջանակում հանդիսատեսին սպասվում է եւս մեկ հանդիպում աշխարհահռչակ արտիստի հետ: Խոսքը հանրահատ կիթառահար Ալ Դի Մեոլայի մասին է, որի համերգը նախատեսված է նոյեմբերի 10-ին:

Փառատոնի բացումն ազդարարվել էր նոյեմբերի 6-ին` բրիտանական հայտնի Jamiroquai խմբի մենահամերգով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE