Ռոման Պոլանսկուն կրկին մեղադրում են բռնաբարության մեջ

17:14   11 նոյեմբերի, 2019

Ֆրանսիացի դերասանուհի եւ լուսանկարիչ Վալենտին Մոնյեն ռեժիսոր Ռոման Պոլանսկուն մեղադրել է բռնաբարության մեջ, որն, իբրեւ, տեղի է ունեցել 1975թ.-ին։ Նրա պատմությունը հրապարակել է Le Parisien պարբերականը։

Մոնյեն պատմել է, որ 1975թ.-ին Պոլանսկին լեռնադահուկային հանգստավայրում իրեն ծեծի է ենթարկել ու բռնաբարել։ Նախկին մոդելն ու դերասանուհին այդ պահին 18 տարեկան է եղել։ Ընկերները Մոնյեին ծանոթացրել են Պոլանսկու հետ եւ հաջորդ օրը, երբ նրանք երկուսով են եղել, նա հարցրել է ֆիզիկական մտերմության պատրաստ լինելու մասին։

«1975թ.-ին ինձ բռնաբարել է Ռոման Պոլանսկին։ Ես նրա հետ ոչ մի կապ չեմ ունեցել՝ ոչ պրոֆեսիոնալ, ոչ անձնական, ես հազիվ ճանաչում էի նրան։ Դա երեկույթ չէր, չի եղել ոչ ալկոհոլ, ոչ թմրանյութեր»,- կնոջ խոսքերը մեջբերել է պարբերականը։

Նա նշել է, որ հաջորդ օրը ոստիկանություն հաղորդում ներկայացնելու համար (ինչպես խորհուրդ էր տվել Պոլանսկու ծանոթներից մեկը, որի մոտ նա գտնվել է միջադեպից հետո) իրեն խանգարել է վախը։ Պարբերականը կապ է հաստատել նաեւ այդ ծանոթի հետ. նա հայտարարել է վկայություն տալու պատրաստակամության մասին, եթե գործը դատարան հասնի։

Պոլանսկու դեմ բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են ներկայացվել ոտնձգությունների մասին։ Նա իրեն մեղավոր է ճանաչել 1977թ.-ին 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ, փախել Ֆրանսիա եւ այդ ժամանակվանից որոնվում է ամերիկյան արդարադատության կողմից։

Լուսանկարները՝ AFP/Thomas Samson et DR, Getty Images/Bertrand Laforet



© NEWS.am STYLE