«Սիրեք թատրոնը, հարգեք այն մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ». Խորեն Լեւոնյանը՝ «Վերջին ուսուցիչը» ֆիլմի համանուն ներկայացմանը

12:04   12 նոյեմբերի, 2019

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոյեմբերի  10-ին հրավիրել էր Առաջին ալիքի «Վերջին ուսուցիչը» հեռուստաֆիլմի ստեղծագործական կազմին, ովքեր ներկայացել էին ֆիլմի դերասանախմբով՝ Խորեն Լեւոնյանի գլխավորրությամբ: Հեռուստանովելի դերասանական կազմը եկել էր դիտելու Վարդգես Պետրոսյանի վիպակի հիման վրա ՊՀԹ-ի բեմադրած «Վերջին ուսուցիչը» ներկայացումը, որն արդեն 11 տարի է՝ բեմում է (բեմադրիչ՝ ՊՀԹ-ի ներկայիս գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյան):

Մինչ ներկայացման մեկնարկը՝ բեմից հյուրերին եւ հանդիսատեսին ողջունեց ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, շնորհակալություն հայտնեց Առաջին ալիքին այսօր էլ անչափ արդիական այդ թեմային անդրադառնալու եւ նման հեռուստաֆիլմ ստեղծելու համար.  «Այսօրվա հանդիսատեսը ոչ միայն հնարավորություն ունի հեռուստաֆիլմի դերասանախմբի հետ դիտելու ներկայացումը, այլեւ ներկայացման ավարտին կարող է իր հարցերը հղել երկու դերասանական խմբերին էլ»,-նշեց Դավիթ Հարությունյանը:

Ներկայացման ավարտին հեռուստանախագծի դերասանները նույնպես բեմ բարձրացան,  եւ ներկայացման անձնակազմի հետ լսեցին հանդիսատեսի գովեստի, դրվատանքի խոսքերն ու հարցերը:

Իսկ Խորեն Լեւոնյանը, ի թիվս այլ դերասանների՝ պատասխանելով հանդիսատեսի հարցերին, նախ եւ առաջ հրավերի համար շնորհակալություն հայտնեց ՊՀԹ-ի տնօրեն Էմին Թորոսյանին եւ Գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին, ապա առաջարկեց ծափահարել երկու դերասանախմբերին, ովքեր թե բեմից, թե հեռուստաեթերով անդրադարձել են նույն կարեւորագույն թեմային:

«Դուք հիմա շատ կարեւոր տարիքում եք թատրոն հաճախելու համար»,-իր խոսքն ուղղելով պատանի հանդիսատեսին՝ ասաց Խորեն Լեւոնյանն ու ավելացրեց. «Թատրոն գնալը եկեղեցի գնալու պես մի բան է, սիրեք թատրոնը, հարգեք այն մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ եւ ներկայացման ընթացքում պահպանեք կարգապահական կանոնները: Հաճախ այցելեք թատրոոն, մի ներկայացում դուր կգա, մեկ ուրիշը՝ ոչ այնքան, կլինեն ներկայացումներ, որոնք կօգնեն կյանքին ուրիշ գույներով նայել, կտան շատ հարցերի պատասխաններ, գուցե կսիրահարվեք կամ կցանկանաք դերասան դառնալ: Մի խոսքով՝ թատրոնը կյանք է: Այսօր շատ լավ բան էր կազմակերպված եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ստեղծագործական թիմի անունից հրավերի եւ լավ ներկայացման համար»:

Ներկայացման ավարտին երկու ստեղծագործական խմբերը միասին լուսանկարվեցին եւ մտերմիկ միջավայրում շնորհակալություն հայտնեցին ու շնորհավորեցին միմյանց:



© NEWS.am STYLE