Իմ պատմությունը. «Մենք այդպես էլ մինչեւ անկողին չհասանք…»

21:12   22 հուլիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:

«Մենք ծանոթացանք համացանցի միջոցով: Նա այնքան կատարյալ էր թվում, որ կամքիցս անկախ մի քանի օրվա շփումից հետո սիրահարվեցի: Սիրահարվեցի իմ ստեղծած կերպարին, որն այնքան հեռու էր իրականությունից…

Չգիտեմ, թե ինչու են մարդիկ ուրիշների աչքերում իրենց իդեալականացնում: Բայց մի բան է քեզ վերագրել բնավորության գծեր, որոնք չունես, եւ բոլորովին այլ բան՝ ստել ընտանեկան դրության մասին:

Մենք շուրջ մեկ ամիս շփվեցինք: Հետո նա առաջարկեց հանդիպել բարերից մեկում, ուր ես հրաժարվեցի գնալ: Հանդիպեցինք սրճարանում: Նա գրեթե այնպիսին էր, ինչպես ես էի պատկերացնում: Եվ սկսվեց…

Մենք կես տարի գրեթե ամեն օր հանդիպում էինք: Ես նրան ծնողներիս հետ ծանոթացրեցի, մեր ապագան էի կառուցում, պատկերացնում էի մեր երեխաներին: Իսկ նա չէր շտապում ինձ իրենց տուն տանել: Ընկերների հետ նույնպես առանձնակի հաճույքով չէր ծանոթացնում:

Պատճառի մասին իմացա պատահաբար: Մորս ընկերուհին, ով ինձ համար շատ էր անհանգստանում, նրա մասին տեղեկություններ էր հավաքել: Պարզվեց՝ նա արդեն 5 տարի ամուսնացած է:

Այդ մեծ հարված էր, բայց ես հաղթահարեցի: Ասացի, որ այլեւս չեմ ցանկանում նրան տեսնել: Բայց մոռացա հարցնել ամենակարեւորի մասին. «Ինչի՞դ եմ պետք: Եթե քեզ սիրուհի էր հարկավոր, ապա մենք… մենք այդպես էլ նույնիսկ անկողին չհասանք…»:



© NEWS.am STYLE