«Նման աղջիկը հալեցնում է սիրտս». հոլիվուդյան ցանկալի ամուրի Ջերարդ Բաթլերը նշում է 50-ամյակը

18:04   13 նոյեմբերի, 2019

Հոլիվուդյան ճանաչված դերասան, կինոաշխարհի գլխավոր ամուրիներից եւ սրտակերներից մեկը՝ Ջերարդ Բաթլերն, այսօր՝ նոյեմբերի 13-ին նշում է տարեդարձը: «300 սպարտացիներ», «Հ.Գ. ես քեզ սիրում եմ», «Մերկ ճշմարտություն», «Լոնդոնի անկումը», «Օպերայի ուրվականը», «Լարա Քրոֆթ», «Միսիս Բրաուն» եւ մի շարք այլ հայտնի ֆիլմերի աստղը բոլորեց 50-ամյակը: 

Քչերին է հայտնի, բայց Հոլիվուդի ամենացանկալի տղամարդկանցից մեկն ունի իրավաբանական կրթություն: Նա որոշ ժամանակ աշխատել է իրավաբանական գրասենյակում, սակայն պարբերաբար հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու պատճառով Ջերարդին ազատել են պաշտոնից: Այնուամենայնիվ, դերասանը, կարծես թե, այդքան էլ չի ափսոսում իրավաբանական գրասենյակի ձախողված աշխատանքի համար: Նա խոստովանել է, որ այդ տարիներին ատում էր կոստյումը եւ մի կերպ  էր այդ տեսքով ներկայանում աշխատանքի: 

Ջերարդ Բաթլերի հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես սիրում եմ հումորի լավ զգացում ունեցող աղջկան, որն ինքնավստահ է, բայց միեւնույն ժամանակ մանկական քաղցրություն ունի իր մեջ: Նման աղջիկը հալեցնում է իմ սիրտը»:

«Միշտ էլ ավելի հետաքրքիր է ստեղծել ֆիլմեր այն ամենի մասին, ինչն արդիական է քո հասարակության մեջ՝ քաղաքական իրադրությունը, սպառնալիքները, քանի որ հենց դրան է հանդիսատեսն արձագանքում, հենց դա է նրանց այդ պահին հետաքրքրում»:

«Ճիշտ դիմակ ընտրելն օգնում է… Մենք շատ դիմակների միջով ենք անցնում: Դրանք հատուկ կաշվից են պատրաստված, որոնք մաշելու դեպքում պետք է նոր դիմակ գտնես»:

«Ես ստիպված եմ եղել ինձ արդարացնել շատ ու շատ մարդկանց առաջ»:

«Շոտլանդիայում ես չեմ առանձնանում, նման եմ ամեն երկրորդ տղամարդուն, իսկ Ամերիկայում ինձ ընկալում են որպես շատ ուժեղ, թիկնեղ տղամարդու»:

«Սիրում եմ միայնակ ժամանակ անցկացնել եւ մտավոր ճանապարհորդել այնպիսի վայրերում, որտեղ չգիտեմ էլ՝ ինչ կա»:

«Դեռ մանկությունից սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում, բայց որքան ինձ հիշում եմ, միշտ պայքարել եմ խոչընդոտների, վախերի ու թուլության դեմ»:

«Որպես դերասան՝ շատ դժվարությամբ եմ պատրաստվում ցանկացած դերի»:

Լուսանկարները՝ Ian West/PA Images, Getty Images,Vanity Fair



© NEWS.am STYLE