Ճանապարհորդի գրառումները. Ցեյլոն

22:28   30 հուլիսի, 2013

Ցեյլոնում արդեն մի քանի տասնյակ դարի պատմությամբ բուդդիստական սրբազան քաղաքներ կան, որոնք այսօր էլ մեծ ճանաչում ունեն ճանապարհորդների եւ ուխտագնացների շրջանում: Հոյակապ տաճարներ, հեքիաթային թագավորական պալատներ, խորհրդավոր ամրոցներ, բազմադարյա պատմությամբ թանգարան-քաղաքներ, էկզոտիկ ազգային պարկեր. տեղի մշակութային ծրագրերը կարող են լրջորեն մրցակցել Թայլանդի, Չինաստանի եւ Հնդկաստանի էքսկուրսիաների հետ:

 

Բավական է հիշատակել, որ հենց Շրի Լանկայում է գտնվում բուդդայականության ամենից նշանավոր սրբությունը՝ Բուդդայի Ատամը, իսկ Սիգիրիայի ամրոցի պատերին պահպանվել են բանաստեղծության տեսքով ամենահին արձանագրությունները: Ականջ շոյող հին քաղաքների անուններն էլ՝ Անուրադհապուրա, Պոլոնարուվա եւ Քանդի, յուրաքանչյուր բուդդիստի սրտում հուզմունք են առաջացնում, այնքան հզոր են դարերի խորքից մինչեւ մեր օրերը հասած ավանդույթներն ու հավատքը:

 

Ի դեպ, տեղի տեսարժան վայրերից շատերը պատկառելի տարիք՝ շուրջ քսան հարյուրամյակի պատմություն ունեն: Ժամանակին UNESCO-ում Շրի Լանկային նվիրված համաժողով է անցկացվել, որի ընթացքում պատմական մի շարք կառույցներ ընդգրկվել են մարդկության մշակութային ժառանգության պաշտպանության հայտնի ցուցակում:

 

Ցեյլոնում կյանքը համատարած տոն է, որը կապված է ազգային ավանդույթների եւ կրոնական-մշակութային արարողությունների հետ: Գրեթե ամեն օր կղզու տարբեր անկյուններում կոլորիտային տարբեր ծիսակարգեր են կատարվում, անցկացվում են աղմկոտ դիմակահանդեսներ եւ տոնական քայլերթեր: Տեղի կյանքն իսկապես լի է հետաքրքիր իրադարձություններով, որոնք, ի ուրախություն զբոսաշրջիկների, ուղեկցվում են հուշանվերների եւ տեղական արտադրության իրերի աշխույժ առեւտրով:



© NEWS.am STYLE