«Պաշտում եմ ինքս ինձ». Դենի Դե Վիտոն դարձավ 75 տարեկան

12:31   17 նոյեմբերի, 2019

Հոլիվուդի ամենախարիզմատիկ դերասաններից մեկը` ամենակերպարային եւ հումորով Դենի Դե Վիտոն, այսօր` նոյեմբերի 17-ին, նշում է ծննդյան 75-ամյակը:

Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել շնորհիվ 1978-1983 թ-երին էկրանների ամենահայտնի` «Տաքսի» սերիալի, որտեղ մարմնավորում էր դիսպետչեր Լյուի Դե Պալմային:

Դե Վիտոն այլ նշանակալի դերեր է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով», «Մարսը գրոհում է», «Երկվորյակներ», «Մաթիլդա», Մարդը լուսնի վրա», «Բեթմենը վերադառնում է» եւ այլ ֆիլմերում:

Այժմ դերասանը նկարահանվում է «Ֆիլադելֆիայում միշտ արեւոտ է» սիթքոմում, որը հեռարձակվում է FXX հեռուստաալիքով:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դե Վիտոյի ամենաոգեշնչող մտքերից մի քանիսը:

«Զվարճալի բան է, երբ «մազից ես կախված լինում»: Մարդը միշտ գերազանցում է ինքն իրեն, երբ ռիսկի է դիմում, երբ ապահով չի լինում, երբ ճանապարհի մեջտեղում չէ...»:

«Մարդը միշտ երկու տարբեր պայքարների մեջ է` ինչպե՞ս իր կողքին պահի մեկին, որը չի ուզում մնալ, եւ ինչպե՞ս ազատվի մեկից, որը հրաժարվում է հեռանալ»:

«Ես ունեմ լավ ընտանիք ու շատ եմ աշխատում. ես ինձ երջանիկ մարդ եմ համարում»:

«Ես եսակենտրոն եմ: Պաշտում եմ ինքս ինձ»:

«Միշտ էլ սովորելու բան կա, ու ես մինչեւ հիմա այդպես էլ անում եմ»:

«Չեմ հիշում, որ երբեւէ ձանձրացած լինեմ: Միշտ ինձ միանգամից մի քանի գործով եմ զբաղեցրել»:

«Որտեղ էլ, որ լինեմ, սիրում եմ դուրս գալ փողոց ու շփվել մարդկանց հետ: Դա ինձ երբեք չի կաշկանդել»:

«Եթե ուզում եք երեխաներ ունենալ, պետք է այնպես անեք, որ նրանք վստահ լինեն, որ ձեր կյանքի ամենակարեւոր էակներն են»:

Լուսանկարները` Getty Images



© NEWS.am STYLE