«Իրական սեր, իրական զգացմունքներ»․Բեն Ավետիսյանն ու Զեփյուռ Բրությանը՝ «Талисман»-ի եւ համբույրի տեսարանի մասին

12:08   19 նոյեմբերի, 2019

Դերասան Բեն Ավետիսյանն օրեր անց իր երկրպագուներին կներկայացնի իր առաջին տեսահոլովակը։ «Талисман»՝ այսպես է կոչվում այն ստեղծագործությունը, որը հնարավոր է՝ դառնա դերասանի թալիսմանը դեպի երաժշտական աշխարհ։ Բենի առաջին երգը ռուսալեզու է․այն գրվել է Ռուսաստանում, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։

«Արդեն մոտ երկու-երեք ամիս է՝ երգը կա: Բառերի հեղինակն Ալեքսանդր Խաչատրյանն է, որը բնակվում է Ռուսաստանում: Գործիքավորումն ու ձայնագրությունն այստեղ ենք կատարել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Բենը։

Դերասանը երգել սկսել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին, սակայն դրանով լուրջ զբաղվել սկսել է միայն վերջերս։

«Քանի որ ես սիրում եմ ռուսական երգեր, ինձ ավելի մոտ էր ռուսալեզու ստեղծագործությունը: Բացի այդ՝ տարբերվելու խնդիր էի դրել իմ առջեւ, քանի որ դա իմ առաջին տեսահոլովակն էր: Հայերենով կարծում եմ՝ նորություն չէի բերի, դրա համար ընտրեցի այդ ոճը, որը իմ տեսակին ավելի հոգեհարազատ է»,-ասում է նա ու հավելում,-«Այն, ինչ ուզում էի, ստացել ենք: Ինձ դուր է գալիս թե´ տեսահոլովակը, թե´ երգը։ Տեսահոլովակը սիրո թեմայով է եւ այնտեղ կա թեթեւություն, ինչն էլ ցանկանում էինք ստանալ»:

Տեսահոլովակի հերոսուհին ռուսաստանաբնակ դերասանուհի Զեփյուռ Բրությանն է, որը NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է կայացել իր եւ Բենի համագործակիցությունը․

«Բենին վաղուց գիտեմ, նա իմ լավ ընկերն է: Որպես դերասան էլ նրան շատ հավանում եմ, եւ շատ հաճելի էր բացահայտել նրան երգչի կարգավիճակում: Նա ինձ ուղարկեց իր երգն ու առաջարկեց մարմնավորել տեսահոլովակի հերոսուհուն: Երբ լսեցի այն, հասկացա, որ իսկական հիթ է լինելու։ Տեսահոլովակի սյուժեն շատ յուրահատուկ է, հետաքրքիր եւ ինտրիգային: Սովորաբար տեսահոլովակներում ներկայացվում են գեղեցիկ տեսարաններ, իսկ այս մեկում սիրո մի ամբողջ պատմություն կա: Ինքս էլ որպես դերասանուհի` սիրում եմ նորովի ներկայանալ եւ աշխատել պրոֆեսիոնալների հետ»:

Բենի հետ աշխատելն ըստ Զեփյուռի՝ հեշտ էր եւ հետաքրքիր․

«Հազվադեպ է պատահում, երբ նկարահանման հրապարակում քեզ այդքան ազատ ես զգում եւ ճիշտ ընկալում խաղընկերոջդ: Մեզ դա հաջողվեց: Բենն, իսկապես, իր գործում պրոֆեսիոնալ է: Շատ հավանեցի մեր համագործակցությունն ու հուսով եմ` սա վերջինը չի լինի»:

Անդրադառնալով տեսահոլովակում ընդգրկված համբույրի տեսարանին՝ Բենը նշեց․

«Այդ տեսարանը պահանջում էր հենց սցենարը։ Ռեժիսորը մեր առաջ խնդիր էր դրել, որը մենք՝ որպես պրոֆեսիոնալ դերասաններ, իրագործեցինք»։

Զեփյուռն էլ հավելեց․ «Ես մասնագիտական կրթությունս ստացել եմ Ռուսաստանում, այնտեղ մեզ սովորեցրել են լինել ազատ եւ մտածել ոչ թե քո անձի, այլ հեռուստադիողի, հանդիսատեսի մասին, որպեսզի նրանք չկասկասծեն երբեւէ սյուժեի ճշմարտացիությանը: Կարծում եմ` մեր աշխատանքում չկան չափազանց բաց տեսարաններ. ներկայացված է այն, ինչ լինում է կյանքում` իրական սեր, իրական զգացմունքներ»:

Արդյոք երգի հաջողությունից հետո Բենը պատրա՞ստ է շարունակել երաժշտական ուղին եւ ձայնագրել նոր երգեր․

«Իմ կարծիքով՝ դա պարտադիր է, եթե անգամ մի քանի դրական կարծիք լինի․ անոնսից արդեն հասկացել եմ, որ մեծամասնությանը դուր է եկել: Ես հարսանեկան երգեր չեմ փորձում երգել, իմ հաճույքի համար եմ միայն երգում եւ ուզում եմ Հայաստանում էլ զարգանա երաժշտության այն ոճը, որը ես սիրում եմ։ Այս պահի դրությամբ վստահ կարող եմ ասել, որ չեմ գնա դեպի կոմերցիոն երաժշտություն, դա իմը չէ, իսկ չսիրելով չեմ կարող մի բան անել»,-ասում է դերասանն ու հավելում, որ այս փուլում որեւէ նախագծում զբաղվածություն չունի։ Բենը ժամանակավոր դադար է վերցրել, ինչը պայմանավորված է առաջիկայում ԱՄՆ սպասվող իր այցով․

«Գնում եմ՝ դեռ արձակուրդով, հետո կհասկանամ՝ ինչ է ստացում: Դրա համար եմ դադար վերցրել ու նոր նախագծերից հրաժարվել։ «Երկուսով»-ից դուրս գալն էլ էր այդ պատճառով: Ինձ թվում է՝ առաջիկայում այնտեղ էլ տեսահոլովակ կնկարահանեմ»:

Դերասանի  «Талисман» տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22-ին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Բեն Ավետիսյանը



© NEWS.am STYLE