73-ամյա Թինա Թյորները համեստ հարսանիք է կազմակերպել Շվեյցարիայում (ֆոտո)

16:41   22 հուլիսի, 2013

Ամերիկյան 73-ամյա երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի եւ պարուհի Թինա Թյորներն ամուսնացել է 57-ամյա երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ: Այս մասին տեղեկացնում է idolator.com կայքը:

Քաղաքացիական արարողությունը կայացել էր հուլիսի 15-ին: Երգչուհին եւ պրոդյուսերն ամուսնացել էին Ցյուրիխի շրջանի Կյուսնախտ քաղաքում: Իսկ հարսանիքն անցկացվել է Ցյուրիխյան լճի ափին գտնվող զույգի առանձնատանը:

Կիրակի կայացած տոնին մասնակցել է ավելի քան 120 մարդ, այդ թվում՝ բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուին, Շադեն, իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտին եւ ամերիկյան հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:

Հանդիսավոր արարողությունը փակ էր ԶԼՄ-ների համար: Հարսնացուի զգեստը ստեղծել էր նրա սիրելի դիզայներ Ջորջիո Արմանին: Պսակադրության արարողությունը կայացել է ճապոնական Նիտիրեն բուդդայական դպրոցի ավանդույթներով, քանի որ Թինան արդեն բազմաթիվ տարիներ բուդդիզմի հետեւորդ է: Հյուրերը նորապսակների ձեռքերին ջուր են լցրել՝ միաժամանակ բարեմաղթանքներ հաղորդելով: Այս ծիսակարգն անցկացնելու համար հյուրերը ճերմակ հագուստ էին հագել:

Հիշեցնենք, որ «Գրեմմի»-ի ութակի մրցանակակիր երգչուհին Բախի հետ ծանոթ է 27 տարի: Զույգը 1995 թվականից ապրում է Շվեյցարիայում: Նրանց հարսանիքի մասին հայտնի դարձավ այս տարվա գարնանը:



© NEWS.am STYLE