Ֆրանսաբնակ երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում ներկայացեց իր նոր ձայնասկավառակը (ֆոտո/վիեո)

17:31   21 նոյեմբերի, 2019

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կայացավ այսօր` նոյեմբերի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:

Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգեւոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի թվով 2-րդ ձայնասկավառակն է, եւ արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրվել է ֆրանսիայում բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոյի կողմից եւ ներկայացվել այնտեղ:

Ձայնասկավառակում տեղ գտած ծրագրի մեջ արեւմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի եւ այլոց կողքին Բարրոն ներկայացրել է նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը:

Բարրոն կենդանի կատարմամբ ներկայացրեց 5 ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես եկավ նաեւ Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուստ հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,-նշում է Ադամ Բարրոն:

Ադամ Բարրոն` Մուրադ Ամիրխանյանը, ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ` մեկնել Ֆրանսիա եւ ուսումը շարունակել այնտեղ: Հայ երգիչը մասնակցել է մի շարք միջազգային փառատոնների` արժանանալով առաջին մրցանակների: Նրա նպատակն է հսկայական աշխատանքի ու մեծ կամքի շնորհիվ հասնել արվեստի ավելի բարձր գագաթներին`գրավելով համաշխարհային բեմերը: Երգիչը բաս-բարիտոն է, ինչը թույլ է տալիս մեծ երգացանք ընդգրկել:

Նրա սկավառակի երեւանյան շնորհանդեսի ժամանակ հնչեցին նաեւ երգեր, որոնք դեռեւս չէին հնչել Հայաստանում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE