Բոլորիս ծանոթ հումորային իրավիճակներ եւ միայն հայերին բնորոշ չափազանցություններ. «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up-ն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

12:04   22 նոյեմբերի, 2019

Կենցաղային զավեշտալի իրավիճակներ, որոնք ծանոթ են բոլորին, հայերին բնորոշ ծայրահեղություններ, քեֆ, ուրախություն եւ, իհարկե, կանանց եւ տղամարդկանց անվերջանալի տարբերություններ, որոնք չեն դադարում զարմացնել. այս թեմաների շուրջ անդադար կարողանում է կատակել հումորիստ Գրիգ Գեւորգյանը, որն իր հումորի սիրահարներին երեկ` նոյեմբերի 21-ին, համախմբել էր «Բոհեմ» թատրոնում` իր «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up-ի շուրջ: Մոտ երկու ժամ տեւողությամբ ներկայացման ողջ ընթացքում բեմից չէին դադարում հնչել ծանոթ իրավիճակներ` համեմված Գրիգին բնորոշ հումորով եւ անմիջականությամբ: Գրիգի հումորի առանձնահատկությունն այն է, որ շատերն են իրենց տեսնում նրա նկարագրած զավեշտալի իրավիճակներում, այդ էր փաստում հանդիսատեսի ծիծաղն ու արձագանքը stand up-ի ողջ ընթացքում:

Ի դեպ, երեկ կայացած ներկայացումը պրեմիերա էր լրատվամիջոցների եւ հումորիստի հարազատների եւ ընկերների, բայց ոչ հանդիսատեսի համար: Stand up-ի առաջնախաղը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին` առանց լուսաբանման, միայն հանդիսատեսի համար:

«Մեր առաջին երեք ներկայացումների տոմսերը միամգամից սպառվեցին եւ հասկացանք, որ լրատվամիջոցների եւ իմ ընկերների համար կարելի է չորրորդ ներկայացումը կազմակերպել: Սովորաբար, առաջին ներկայացմանն են կանչում հայտնի մարդկանց, ծանոթներին, որպեսզի դահլիճն ավելի ջերմ լինի: Մենք ցանկացանք գնալ այլ ճանապարհով` փորձելով հասկանալ, թե սովորական հանդիսատեսն ինչի վրա է ծիծաղում: Այդպես էլ արեցինք, հասկացանք` ինչն էր լավ, ինչը` թույլ, շտկումներ արեցինք ու արդեն ամբողջությամբ պատրաստ ենք»,-անդրադառնալով իրենց թիմի հետաքրքիր մոտեցմանը՝ նշեց Գրիգը:

Հումորիստի ներկայացումը դիտելու էին եկել նաեւ հայտնի գործընկերները` Արամ mp3-ը, Վաչե Թովմասյանը, Տիգրան Գեւորգյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ հեռուստաեթերից ծանոթ այլ հայտնիներ, սակայն դահլիճում չնկատեցինք Women’s Club-ի անդամներին:

«Ես մարդկանց հետ չեմ շփվում նախագծերով, ինձ համար կան, ուղղակի, մարդիկ. Women’s Club-ից ներկայացուցիչներ ներկա են եղել պրեմիերային, բայց հատուկ մտածված չի եղել հրավիրել այս կամ այն մարդկանց: Շատերին, ում հրավիրել եմ, եղել է առօրյա խոսակցության ժամանակ, խոսքի մեջ: Միտումնավոր չի եղել, որ ինչ-որ մեկին չհրավիրենք»,-անկեղծացավ հումորիստը, որին ներկայացման սցենարային հարցերում օգնել են հայտնի ընկերները` Վան Գրիգորյանը, Արմեն Սարգսյանը եւ Ռոբերտ Մարտիրոսյանը, իսկ բեմական ոճի հեղինակը դիզայներ Դիանա Շատվերյանն է: Նրանց բոլորին եւ մյուս աջակիցներին Գրիգն իր շնորհակալությունը հայտնեց բեմից` չմոռանալով նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել կնոջը` Սոնա Եսայանին` միշտ կողքին լինելու համար:

Նկատելի էր, որ հումորիստն իր ներկայացման մեջ ներառել էր նաեւ թեմաներ, որոնք պրեմիերայից հետո էին տեղի ունեցել: Հարցին արդյոք պարբերաբար կլինե՞ն սցենարային փոփոխություններ, Գրիգը պատասխանեց.

«Եթե շատ հետաքրքիր մի բան լինի ու դա ինչ-որ կերպ կապվի իմ stand up-ի հետ, միգուցե, ավելանա նաեւ այդ թեման, բայց դրանք սովորաբար ժամանակավոր բնույթ են կրում: Իսկ այն թեմաները, որոնք մենք բարձրացնում ենք stand up-ում, ավելի մշտական են»:

Հատկանշական է, որ իր ներկայացմա մեջ Գրիգը շատ քիչ տեղ էր հատկացրել վերջին շրջանում արդիական` քաղաքական եւ 16+ հումորին:

«Հեշտ է մարդկաց գրավել 16+ կամ քաղաքական հումորով, իսկ մենք շրջանցեցինք այդ թեմաները, որովհետեւ, միգուցե, կոպիտ հնչի, բայց քաղաքական թեմաներով հումոր անելը հետաքրքիր չէ, որովհետեւ մեզ համար ամենահեշտ ոճն է հումորի: Իհարկե, մեզ մոտ էլ կար որոշակի քանակությամբ քաղաքական հումոր, բայց գերակշռում էին կենցաղային թեմաները, որոնք բոլորին ծանոթ են, բոլորի հետ պատահել են, իսկ քաղաքականում շատերն իրենց չեն պատկերացնում: Ամեն դեպքում, հումորի այդ ոճն էլ եմ ընդունում»:

Առաջիկայում «Վայ Գրիգ, Գիգ» stand up-ի բեմարություններ են սպասվում նոյեմբերի 25-ին, դետեմբերի 1-ին, 5-ին, 13-ին, 25-ին եւ 26-ին: «Հավանական է, որ դետեմբերի 23-ին հանդես գանք Ստեփանակերտում: Ցանկություն կա ներկայացումը դուրս բերել նաեւ Հայաստանից դուրս, բայց մեր թիմի երազանքն է, որպեսզի այն բեմադրվի Հայաստանի բոլոր քաղաքներում»:

Ինչ վերաբերում է հեռուստատեսային զբաղվածությանը` այդ մասին Գրիգը նախընտրեց առայժմ չխոսել` թողնելով առաջիկա ծրագրերը, որպես անակնկալ:

Իսկ երեկ կայացած ներկայացման հետաքրքիր դրվագներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութի եւ ֆոտոռեպորտաժի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներն ու տեսանյութը` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE