«Կարգին» Մկոն՝ տրանսպորտի թանկացման, խցանումների, վթարների եւ այլնի մասին. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

00:49   23 հուլիսի, 2013

Հայ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանի («Կարգին» Մկո) անունը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլում: Սովորաբար խոսքը նոր ֆիլմի մասին է լինում, որտեղ նա նկարահանվում է Հովհաննես Ազոյանի հետ: NEWS.am STYLE-ը որոշեց փոքր-ինչ տարբերվել եւ դերասանի հետ զրուցել այլ թեմաների՝ տրանսպորտի, վթարների, խցանումների, ինչպես նաեւ Երեւանի Հանրապետության հրապարակում Հայկոյի ու Մկոյի հուշարձանը կանգնեցնելու հնարավորության մասին:

Մկո, ի՞նչ եք մտածում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին:

Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: Իհարկե, ես դեմ եմ, քանի որ առանց այդ էլ մեր ժողովրդի յուրաքանչյուր լուման հաշված է, հիմա էլ՝ այս: Այդ 50 դրամը զգալի ազդեցություն կունենա հայերի գրպանի վրա: Կարծում եմ՝ պետությունը պետք է այնպես աներ, որ թանկացումները չազդեին քաղաքացիների վրա:

Բայց չէ՞ որ սա քաղաքի միակ խնդիրը չէ: Երեւանում ավելացել են խցանումները: Կարծում եք՝ ի՞նչն է պատճառը:

Առաջին պատճառը, իհարկե, ավտոմեքենաների մեծ քանակությունն է: Դրանց թիվն օրեցօր ավելանում է, եւ այդ հարցում ոչինչ անել հնարավոր չէ: Պատճառներից մեկն էլ այն է, որ վարորդների թվում շատ են սկսնակները, ինչը բարդացնում է ճանապարհային երթեւեկությունը:

Ցանկանում եմ նշել, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նույնպես մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ հաճախ կանգնում են մոտակայքում եւ ոչինչ չեն անում: Նրանց խնդիրը ճանապարհային երթեւեկությունը կարգավորելն է: Պետք է հիշեն այդ մասին:

Հաճախ խցանումներ են առաջանում նաեւ վթարների պատճառով: Ինչպե՞ս եք գնահատում ապահովագրական ընկերությունների աշխատանքը:

Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ: Ճանապարհին խնդիրներ են առաջանում նաեւ վթարների կամ ապահովագրական ընկերությունների չկարգավորված աշխատանքի արդյունքում: Ամբողջ աշխարհում ապահովագրությունը պարտադիր է, բայց Հայաստանում այդ ոլորտը դեռեւս կարգավորված չէ: Մարդիկ վթարի վայրում կանգնում եւ ժամերով սպասում են…

Եվս մեկ ոչ ստանդարտ հարց. ո՞ւմ հուշարձանը կտեղադրեիք Երեւանի Հանրապետության հրապարակում:

Հայ ժողովուրդը բազմաթիվ մեծեր ունի: Հենց նրանց հուշարձաններն էլ պետք է տեղադրել հրապարակում: Բայց հիմա դժվարանում եմ որեւէ անուն նշել, քանի որ այդպիսիք շատ են…

Իսկ ինչպե՞ս կարձագանքեք, եթե հրապարակում Հայկոյի հետ Ձեր արձանը կանգնեցնեն:

Մեր հուշարձանն ինչի՞ համար է: Մենք դրա կարիքը չունենք: Եթե կենդանության օրոք հուշարձան են կանգնեցնում, արդեն վատ է:

Մենք որոշեցինք այլեւս չչարաշահել Մկոյի համբերությունը, քանի որ վերջին հարցն ակնհայտորեն նրա սրտով չէր…

Ռուզաննա Մանուկյան



© NEWS.am STYLE