«Տղաների հարցում ես բարձր չափանիշներ ունեմ». Մայլի Սայրուսը նշում է 27-ամյակը

15:05   23 նոյեմբերի, 2019

Ամերիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Մայլի Սայրուսը, որը ճանաչում է ձեռք բերել «Հաննա Մոնտանա» ֆիլմի շնորհիվ, այսօր` նոյեմբերի 23-ին, նշում է ծննդյան 27-ամյակը:

Երիտասարդ արտիստը նվաճել է ոչ միայն երաժշտական աշխարհի մրցանակներից շատերը, այլեւ հայտնվել Times 100 ցուցակում, 2013-ին ճանաչվել MTV-ի տարվա արտիստ, իսկ 2019-ին Billboard-ի` բոլոր ժամանակների 125 ազդեցիկ արտիստների ցուցակում զբաղեցրել 62-րդ տեղը:

Սայրուսի ոճը, երգացանկն ու անձնական կյանքը միշտ մեդիայի ուշադրության կենտրոնում են` ստեղծելով հակասական կարծիք երգչուհու մասին: Մենք առաջարկում ենք նրա մասին պատկերացում կազմել` ընթերցելով իր իսկ արտահայտած մտքերից մի քանիսը:

«Երբ հավատում ես ինքդ քեզ, անհնարին ոչինչ չկա քեզ համար»:

«Աստված ցանկանում է, որ ես հաջողակ ու երջանիկ լինեմ, օրհնեմ մյուսներին, որ ինքս էլ լինեմ օրհնված»:

«Այն պահից, երբ այլեւս սխալներ չգործեմ, կնշանակի դադարում եմ սովորել, կամ էլ արդեն բավականաչափ սովորել եմ»:

«Ես միշտ լեզուս հանում եմ նկարվելուց, որովհետեւ չեմ սիրում լուսանկարներում ժպտալ»:

«Իմ աշխատանքի լավագույն կողմերից մեկը շատ մարդկանց հանդիպելն է: Ես շատ բան եմ սովորում բոլորից»:

«Չկա միանշանակ ճիշտ կամ սխալ, հաջողություն կամ ձախողում»:

«Տղաների հարցում ես բարձր չափանիշներ ունեմ: Ինչպես հայրիկս է ասում, բոլոր աղջիկները պետք է այդպես մտածեն: Եթե ես սիրում եմ մի տղայի, նա պետք է լավ վարվելակերպ ունենա, բացի այդ` հայրիկս պետք է իր հավանությունը տա նրան»:

«Կյանքը լավ ժամանակ անցկացնելն է»:

«Ես երբեք ոչինչ չեմ կեղծում: Չեմ կարող «Դիսնեյ»-ի արքայադուստրերի պես ժպտալ, իսկ հետո մտածել` սա ես չեմ»:

«Կարծում եմ` ամեն մարդ ինքն է որոշում իր տեսակը: Ես, օրինակ, ընտրել եմ «քաղցրիկ» լինելը»:

«Ես չեմ կարողանում գաղտնիքներ պահել. եթե ցանկանում եք, որ Ձեր գաղտնիքը, իսկապես, գաղտնիք մնա, ուրեմն` ինձ մի պատմեք»:

Լուսանկարները` bbc.co.uk, Tylor Hill/FilmMagic, REX/Shutterstock



© NEWS.am STYLE