«Հուսով եմ լավ ելույթ ունենալ եւ պատվով ներկայացնել Հայաստանը». Կարինա Իգնատյանի հարցազրույցը` «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի մեկնարկին ընդառաջ

17:38   24 նոյեմբերի, 2019

Հաշված ժամերից Լեհաստանում կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլ 2019» ամենամյա երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 13-ամյա Կարինա Իգնատյաը` Colours of Your Dream գունեղ երգով:

Մրցույթը կհեռերձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով` 19:00-ին:

Ինչպե՞ս է իրեն զգում Կարինան մինչ մրցույթը եւ ի՞նչ ակնկալիքներ ունի: NEWS.am STYLE-ը մինչ ուղիղ եթերի մեկնարկը կապ է հաստատել պատանի երգչուհու հետ, հաջողություն մաղթել նրան եւ, իհարկե, պարզել տրամադրությունը:

Կարինան տեղեկացրեց, որ Լեհաստան մեկնելու առաջին իսկ օրվանից սիրով ու ոգեւորությամբ է մասնակցել բոլոր փորձերին:

«Շատ լավ տպավորություններ ունեմ, առաջին անգամ եմ նման մեծ բեմում ելույթ ունենում ու ամեն ինչ ինձ շատ դուր է գալիս: Շատ պրոֆեսիոնալ անձնակազմ է աշխատում»:

Հարցին` ինչո՞վ է իր այսօրվա ելույթը տարբերվելու, երգչուհին պատասխանեց.

«Բոլոր մասնակիցների ելույթներն էլ լավն են ու մեկը մյուսից տարբեր, իսկ իմ ելույթը կարծում եմ` տարբերվում է իր գունեղ լինելով: Ելույթի հենց սկզբից արդեն հեքիաթային տրամադրություն է տիրում: Համարը շատ լուսավոր է ու գունեղ: Բայց բոլոր մասնակիցների ելույթները շատ հավանում եմ ու, առհասարակ, բոլորին արդեն հասցրել եմ շատ սիրել ու ընկերանալ նրանց հետ»:

Բացի Հանրայինի թիմից` Կարինայի հետ մրցույթին մեկնել են ընտանիքի անդամները.

«Նրանք իմ կյանքի ամենակարեւոր պահերին միշտ իմ կողքին են:

Իմ ընտանիքն իմ թալիսմանն է»,-ասում է երգչուհին` հավելելով, որ շատ լավ է տրամադրված մրցույթին.

«Բնականաբար, մի փոքր հուզմունք կա ուղիղ եթերից առաջ, բայց երբ բարձրանում եմ բեմ ու սկսում երգել, հուզմունքս միանգամից անցնում է:

Իհարկե, հույս ունեմ, որ լավ հորիզոնական կզբաղեցնեմ, բայց ամենակարեւորը` հուսով եմ լավ ելույթ ունենալ եւ պատվով ներկայացնել Հայաստանը»:

Կարինան այսօր երգելու է 15-րդ համարի ներքո: «Մանկական Եվրատեսիլ 2019-ի» հաղթողը որոշվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի եւ www.jesc.tv կայքում հայտարարված քվեարկության արդյունքներով: Ի դեպ, կայքում քվեարկությունը տեւելու է մինչեւ մրցույթի մեկնարկը եւ դրա ընթացքում նախապես հայտարարված քվեարկության 15 րոպեների ընթացքում: Հայաստանից եւ ամբողջ աշխարհից կարող եք քվեարկել Կարինայի օգտին:

Հաջողություն եւ փայլուն ելույթ մեր պատվիրակին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Armenia in Eurovision ֆեյբուքյան էջից



© NEWS.am STYLE