Ավիշայ Քոեն, Take6. Մալխաս-75 միջոցառումների շարքը կվերածվի երաժշտական տոնի

19:43   25 նոյեմբերի, 2019

Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային եւ ճանաչում վայելող հայ արտիստների մասնակցությամբ: Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի եւ դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Գրեմմիի» 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը Երեւանում ելույթ է ունենալու առաջին անգամ:

Բացի այդ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լեւոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը եւ նրա ընկերները: Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:



© NEWS.am STYLE