Բանջարեղենով դիմակների տնային բաղադրատոմսեր մաշկի խնամքի համար

19:19   30 նոյեմբերի, 2019

Ձեզ ենք ներկայացնում բանջարեղենային հումքով դեմքի եւ պարանոցի մաշկի խնամքի համար դիմակների իր ընտրանին:

 

Դիմակներ ստեպղինից

Բանջարեղենի այս տեսակը հարմար է նրանով, որ դրանից կարելի է դիմակներ պատրաստել ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի համար: Ստեպղինը լավացնում է մաշկի գույնը, իսկ գունատ մաշկին վերադարձնում բնական գույնը, թարմացնում ու երիտասարդացնում է այն:

Դիմակ չոր մաշկի համար

• 2 ճաշի գդալ ստեպղինի հյութը խառնել 1 թեյի գդալ կաթի սերին կամ թթվասերին, ավելացնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին: 15-20 րոպե անց գոլ ջրով լվացվել: Իսկ եթե մաշկը թեփոտ է, դիմակը թողնել եւս 10 րոպե:

Դիմակ յուղոտ մաշկի համար

• 1 ճաշի գդալ քերիչով անցկացրած ստեպղինը խառնել նախապես լավ հարած մեկ ձվի սպիտակուցին: Ավելացնել մի քիչ ալյուր, որպեսզի զանգվածը շիլայի նմանվի: Դիմակը քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպե անց սառը ջրով լվանալ:

Դիմակ արեւայրուք ստացած մաշկի համար

• 1 ճաշի գդալ քերիչով անցկացրած ստեպղինը խառնել 1 ճաշի գդալ կաթին, քսել մաշկին: 15-20 րոպե հետո մաշկը զգուշորեն մաքրել բամբակե շրջանակով եւ լվանալ գոլ ջրով:

Զգո՛ւյշ եղեք: Եթե Ձեր մաշկի բնական գույնը չափազանց բաց է, ստեպղինը կարող է այն թեթեւակի կարմիրով ներկել:

 

Դիմակներ կարտոֆիլից

Բոլորի տանն էլ ցանկացած ժամանակ գոնե մեկ կարտոֆիլ կա: Տնային պայմաններում կարտոֆիլից կարելի է ցանկացած դիմակ պատրաստել՝ սնուցող, մաշկը ձգող, յուղոտ եւ չոր մաշկի համար:

Դիմակ չոր մաշկի համար

Կարտոֆիլը կեղեւով եփել, այնուհետեւ մաքրել եւ մանր քերիչով անցկացնել: Ստացված զանգվածին ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ բուսական յուղ: Խառնել, քսել դեմքին, թողնել 15 րոպե, այնուհետեւ գոլ ջրով կամ գարեջրով լվանալ:

 

Դիմակ յուղոտ մաշկի համար

Կեղեւով եփած կարտոֆիլից խյուս պատրաստել, ստացված զանգվածին ավելացնել նույն քանակով թթված կաթ: Քսել նախապես լավ մաքրած դեմքին: 15 րոպե անց սառը ջրով լվացվել:

 

Դիմակներ վարունգից

Վարունգը հիանալի թարմացնում է մաշկը, ձգում է այն՝ վերադարձնելով երիտասարդ տեսքը: Ահա դիմակների մի քանի պարզ բաղադրատոմս, որոնք նվազագույն ծախս են պահանջում, բայց հիանալի կերպով թարմացնում են մաշկը:

Սնուցող դիմակ

1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել, ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ, նույնքան կաթ եւ կաթնաշոռ: Լավ խառնել, քսել դեմքին, 15 րոպե անց լվանալ հանքային ջրով:

 

Դիմակ գունատ եւ ծերացող մաշկի համար

1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել: 1 ճաշի գդալ ստացված զանգվածին ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Լավ խառնել, քսել դեմքին, 10 րոպե հետո լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

 

Դիմակ մաշկը սպիտակեցնելու համար

1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին, 15 րոպե անց սառը ջրով լվանալ:



© NEWS.am STYLE