«Մարդիկ փողոցում ինձ վրա էին նայում, տարբեր հարցեր տալիս». Լիանա Ոսկերչյանը «Միսս Աշխարհ»-ի ժամանակ առաջին անգամ խոսել է իր մաշկային հիվանդության մասին (վիդեո)

13:45   27 նոյեմբերի, 2019

«Միսս Աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանն օրերս մեկնել է Լոնդոն, որտեղ այս օրերին ընթանում է «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 14-ին, սակայն այնտեղ ներգրավվելու համար գեղեցկուհիները դեռեւս մի քանի փուլ պետք է հաղթահարեն: Դրանցից մեկը Head to Head փուլն էր, որի ընթացքում հայ գեղեցկուհին խոսել է իր մասին եւ առաջին անգամ բարձրաձայնել Վիտիլիգո մաշկային հիվանդության մասին, որը Լիանայի մոտ ի հայտ է եկել մոտ երեք տարի առաջ: Հայ գեղեցկուհին պատմել է, որ սկզբնական փուլում անիքնավստահություն է ունեցել, սակայն ավելի ուշ հասկացել է, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ մաշկաին յուրահատկություն, որն իրեն եզակի է դարձնում: Նա հորդորել է հասարակությանը չվարկաբեկել Վիտիիլիգո ունեցող երեխաներին եւ հասկանալ, որ այդ հիվանդությունը վարակիչ  չէ եւ չի փոխանցվում շրջապատին:

«Ես իմ վախը հաղթահարել եմ աղոթքի միջոցով: Դա ինձ օգնում է ամեն ինչին դրական նայել: Ցանկացած իրավիճակից միշտ փորձում եմ լուծումներ գտնել տագնապի մատնվելու փոխարեն: Վիտիլիգոյի պատճառով ես հաճախ եմ անիքնավստահ զգացել: Հատկապես առաջին տարվա ընթացքում ես ասես այլ մարդու տեսնեի հայելու մեջ: Անգամ մարդիկ փողոցում ինձ վրա էին նայում, տարբեր հարցեր էին տալիս: Երթուղայիններում էլ նրանք, ովքեր իմ կողքին էին նստում՝ տեսնելով այդ կետերն ինձ վրա, փոխում էին իրենց տեղը, քանի որ շատերը կարծում են, թե դա վարակիչ մաշկային հիվանդություն է:

Բայց այդպես չէ՝ Վիտիլիգոն ընդամենը մաշկային վիճակ է, որն ինձ յուրահատուկ է դարձնում: Այդպես, ես որոշում կայացրի մասնակցել «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթին, որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, որ ես գեղեցիկ եմ: Եվ ահա՝ ես այստեղ եմ իմ Վիտիլիգոյի հետ միասին, եւ իմ հաղորդագրությունն աշխարհին այն է, որ յուրահատուկ լինելը չի նշանակում, թե դու գեղեցիկ չես: Գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չի, այն քո ներքինն է: Եթե ներաշխարհդ գեղեցիկ է, ուրեմն դու արտաքուստ էլ ես գեղեցիկ: Մարդիկ պետք է իրենց երեխաներին էլ կրթեն, որ նրանք էլ չմատնանշեն այն երեխաներին, որոնք ունեն մաշկային այդ յուրահատկությունը»,-իր խոսքում նշել է Լիանան:



© NEWS.am STYLE