«Խորհուրդ ենք տալիս դիտել». գրողի՛ ծոցը Բեթմենը, միայն «Տիտաններ»

20:35   27 նոյեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Տիտաններ» սերիալը մարտաֆիլմի, գիտական ֆանտաստիկայի եւ դրամայի ժանրից։

Սերիալի շոուռաներներ՝ Ակիվ Գոլդսման եւ Գրեգ Բեռլանտի։ Դերերում՝ Բրենթոն Թուեյթս, Աննա Դիոպ, Ռայան Փոթեր եւ այլք։

Սերիալը ցուցադրվում է DC Universe սթրիմինգային սերվիսում (դեբյուտային սերիալ) 2018 թվականի հոկտեմբերից մինչ օրս։ Երկու սեզոն արդեն թողարկվել է։

Սերիալի սյուժեն պտտվում է Ռեյչելի շուրջ, որի ներսում ապրում են հեքիաթային մութ ուժերը, եւ օրեցօր նրա համար ավելի դժվար է դառնում նրանց վերահսկելը։ Այդ ուժերի պատճառով նա դառնում է խորհրդավոր կազմակերպության որսաթիրախ, դրա համար էլ Ռեյչլը ստիպված է դիմել փախուստի։ Իր ճանապարհին նա կհանդիպի մարդկանց՝ «Տիտաններ» թիմի ապագա անդամներին, ովքեր պատրաստ են օգնել նրան։

Ո՞վ էր ասում, թե DC-ները շատ խանդավառ, ուրախ ու լուսավոր են դարձել։ Դե՛, ստացեք ու ստորագրեք։

«Տիտանները» մռայլ, դաժան, իրատեսական սերիալ է՝ արյունով, սպանություններով եւ դիմակավոր գժերով։ Նայում ու անմիջապես հասկանում ես, որ, այո՜, այ սա ես հասկանում եմ, որ DC է։

Ամենասկզբից սերիալը երես է տալիս դիտողին ոչ միայն կոլորիտային կերպարներով, այլեւ հիանալի բեմադրված մարտական տեսարաններով, որոնք արյան ու դաժանության, խեղումների ու կարգին համակարգչային գրաֆիկայի լավ խտություն ունեն։ Հաստատ, «Տիտանները» եթերային էթիկայի ու R ռեյթինգի սահմանագծին գտնվող մի բան է, եւ հաստատ հակացուցված է երեխաներին։

Եվ թող ձեզ մոլորության մեջ չգցի Բրենդոն Թուեյթսի տիկնիկային դեմքը, նրա Ռոբինը թույլատրելիի սահմանը չի ճանաչում՝ իր ալտեր էգոն լվալով թշնամիների արյամբ։

Արժե առանձին պլյուս դնել այն բանի համար, որ սերիալը ստեղծողները հարգանքի տուրք են մատուցել կանոնին։ Կանոնիկ հագուստներ, կենսագրություններ, կերպարներ։ Անմիջապես երեւում է, որ ոչ ուժ, ոչ ժամանակ, ոչ էլ փող են խնայել, որպեսզի սերիալը որքան հնարավոր է մոտ լինի օրիգինալ կոմիքսներին։

Առանց խնդիրների, իհարկե, բանը գլուխ չի եկել։ Սյուժետային գիծը որոշ պահերի կարծես հատուկ ձգձգել են։ Շատ բան կարելի էր կտրել՝ առանց սյուժետային գիծը եւ սերիալի մթնոլորտը վնասելու։

Դերասանական թիմը բավական լավ է աշխատել։

Դիք Գրեյսոնը՝ նույն ինքը Ռոբինը (Բրենդոն Թուեյթս), սերիալի գլխավոր հերոսն է, որին բացահայտելու համար հատկացվում է ամենաշատ էկրանային ժամանակը։ Գրեյսոնի եւ Բեթմենի (այո, նա հայտնվում է սերիալում) հայացքները տարբերվում են, դրա համար Դիքը մեկնում է «սոլո» նավարկության, որպեսզի փորձի նոր կյանք սկսել՝ մոռանալով Ռոբինի իր դիմակի մասին։

Ռեյչելը, նույն ինքը Ռեյվենը (Թիգան Քրոֆթ) վախվորած ու մոլորված աղջիկ է, որն անբացատրելիի տերն է, եւ դժվարությամբ է հասկանում ու վերահսկում այն։ Նրա շուրջ էլ, ըստ էության, պտտվում են բոլոր իրադարձությունները, հավաքվում է թիմը։

Գարֆիլդը՝ նույն ինքը Բիսթբոյը (Ռայան Փոթեր), ուրախ ու դրական կերպար է։ Գարֆիլդը իր գեները փոխելու արտասովոր հատկություն ունի՝ վերածվելով տարբեր կենդանիների։

Կորիանդրը նույն ինքը Սթարֆաերն է (Աննա Դիոպ)։ Ավտոմեքենայի վթարից հետո հերոսուհին կորցնում է հիշողությունը։ Միակ բանը, որ կապում է նրան անցյալի հետ, Ռեյչելի լուսանկարն է։ Ուստի, Կորիանդրը գնում է փնտրելու աղջկան։ Սթարֆաերը լույսը կլանելու եւ այն հետո որպես կրակ ժայթքելու ունակություն ունի։

«Տիտանները» սերիալ է անսովոր, խնդրահարույց մարդկանց մասին, որոնք չեն կարողանում գտնել իրենց տեղը կյանքում։ Հենց թիմի մեջ են նրանք գտնում իրենց կոչումը՝ օգնելով միմյանց հաղթահարել խնդիրները։

Հաճելի կինոդիտում
Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE